Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Նման դեպք չենք հիշում». գեներալների արձագանքը՝ Փաշինյանի՝ ՀՕՊ-ի մասին հայտարարությանը

256
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 13:18
«Նման դեպք չենք հիշում». գեներալների արձագանքը՝ Փաշինյանի՝ ՀՕՊ-ի մասին հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Օրագրի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն, ասել է. «Համատեղ ՀՕՊ համակարգը միանում է ՀՀ ղեկավարի հրամանով, հրաման տվողն ինքն է։

ՀՕՊ համակարգը կիրառվում է Հայաստանի սահմանը խախտելու դեպքում, բայց ես չեմ հիշում նման դեպք, որ հրաման տված լինի, և ՀՕՊ-ը միացրած չլինեն։

Ցանկացած ժամանակ, երբ հրաման ես տալիս՝ պետք է կրակեն, դա սահմանափակված չէ, որ պարտադիր ռազմական դրություն հայտարարված լինի։ ՀՕՊ համակարգը մշտական պատրաստվածության վիճակում է խաղաղ և պատերազմական իրավիճակում։ Ընդհանրապես՝ բանակի համար խաղաղ և պատերազմական շրջան գոյություն չունի զենք կիրառելու համար, զենք կիրառում են այն ժամանակ, երբ լինում է անհրաժեշտություն»։

Օրագիրը զրուցել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ։ Վերջինս ևս նշել է, որ նման դեպք իրեն հայտնի չէ. «Ես նման բան չեմ հիշում, որ ինքը համատեղ կիրառման համար հրաման տված լինի ու միացրած չլինեն»։