Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«ՀՀ տարածքային ամբողջականությունը ճնշման տակ է, կարևոր է օգնել մեր դաշնակից երկրին». Հունաստանի ԱԳ նախարար

250
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 20:48
«ՀՀ տարածքային ամբողջականությունը ճնշման տակ է, կարևոր է օգնել մեր դաշնակից երկրին». Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո:

«Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել Վարչապետին, Արտաքին գործերի նախարարին և Անվտանգության խորհրդի քարտուղարին։

Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։

Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։ Այն մեզ բարեկամ երկիր է։

Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է, կարևոր է օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրոմիությունում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, և այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար և կայուն և կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։
Հունական կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով կարիք ունի պաշտպանության ցանկացած տեսակի ագրեսիայից»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 10-ին, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի պաշտոնական այցը Հայաստան մեկնարկել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցով:

Այնուհետ կայացել էր Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին հետևել էր համատեղ մամուլի ասուլիսը: