Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Պուտինը կենդանու պես զգում է թուլությունը». Զելենսկի

1049
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 12:00
«Պուտինը կենդանու պես զգում է թուլությունը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Economist ամսագրին, որում փորձել է արևմտյան հանրությանը փոխանցել, որ պատերազմը հեռու է ավարտից, և որ աջակցելով Ուկրաինային՝ Եվրոպան պաշտպանում է ինքն իրեն: Ինչպես նկատում է Economist-ը, պատերազմի սկսվելուց գրեթե երկու տարի անց աշխարհն այլևս այդքան ուշադիր չի լսում նրա խոսքերը, Զելենսկին, այլևս չի կարողանում այդքան հմտորեն վերահսկել իրադարձությունների ընթացքը: «Ուկրաինայում հոգնածություն է սկսվում։ Արևմտյան վերնագրերում հաճախ հանդիպում է հարցադրում՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հաղթել: Ուկրաինացիներին օգնելը քաղաքական առևտրի առարկա է դարձել Ամերիկայում և Եվրոպայում»,- գրում է Economist-ը:

Զելենսկին պնդում է, որ աջակցելով Ուկրաինային՝ Եվրոպան իրեն պաշտպանում է ռուսական ագրեսիայից: «Մեզ գումար կամ զենք տալով՝ դուք ինքներդ եք աջակցում։ Դուք փրկում եք ձեր երեխաներին, ոչ թե մեր երեխաներին»,- զգուշացնում է նա:

«Պուտինը կենդանու պես զգում է թուլությունը, քանի որ հենց ինքն է կենդանի: Նա զգում է արյունը: Եվ նա կուտի բոլորիդ ընթրիքին՝ ձեր ողջ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ազատության և ժողովրդավարության հետ միասին»,- ասել է Զելենսկին:

Ինչ վերաբերում է բանակցությունների առաջարկներին, ապա, ըստ Զելենսկու, նա չի տեսնում Ռուսաստանի կողմից խաղաղության ուղղությամբ որևէ հիմնարար քայլ: «Ես տեսնում եմ միայն ահաբեկչական երկրի քայլերը: Եվ եթե Ռուսաստանը, ինչպես գրում են որոշ արևմտյան ԶԼՄ-ներ, ազդանշաններ է տալիս հակամարտությունը սառեցնելու ցանկության մասին, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ նրանք արդար են, այլ այն պատճառով, որ նրանք բավարար քանակությամբ հրթիռներ, զինամթերք և պատրաստված զորքեր չունեն: Նրանց պետք է այդ դադարը»,- ասում է Զելենսկին:

«Զորահավաքը մեր պետությունը պաշտպանելու և մեր հողը ազատագրելու միակ միջոցն է: Եթե մենք շարունակենք կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա, մենք պետք է ընտրություններ նշանակենք, փոխենք օրենքները, Սահմանադրությունը: Բայց այդ ժամանակ պետք է մոռանալ հակահարձակողական գործողությունների և դեօկուպացիայի մասին: Ուկրաինան չի կարող հետ կանգնել Ռուսաստանին հաղթելու իր ծրագրից: Ուկրաինացու համար ամենակարևոր մասնագիտությունն այսօր Ուկրաինայում լինելն է, իսկ մեր արևմտյան գործընկերների համար՝ Ուկրաինայի հետ լինելը»,- հավելում է Ուկրաինայի նախագահը: