Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՄՍԾ պաշտոնյաներ

224
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 16:48
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՄՍԾ պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ-ն և նույն ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար, ավագ սոցիալական աշխատող Լ. Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:

Մասնավորապես, նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն, Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ-ն, Տ. Կ-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, դարձյալ Տ. Կ-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ-ի միջնորդությամբ, Լ. Մ-ն Մրգանուշ բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ Տ. Կ-ն և Լ. Մ-ն 2023 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ նաև տվյալներ են ստացվել Լ. Մ-ի հետ նախնական համաձայնությամբ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս-ի կողմից նպաստառուից կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Լ. Մ-ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս-ին:

Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ-ն, Հ. Ս-ն և Լ.Մ-ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ-ն ձերբակալվել են:

Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար: Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ-ի և Հ. Ս-ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ-ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Հահակոռուպցիոն կոմիտեն: