Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի պատասխանատու դաշնակցի պես դրսևորի, F-16-ների ճանապարհը կբացվի». Ջիմ Ռիչ

293
Ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2023 թ., 19:54
«Եթե Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի պատասխանատու դաշնակցի պես դրսևորի, F-16-ների ճանապարհը կբացվի». Ջիմ Ռիչ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրտական» կուսակցության անդամ Բեն Քարդինը, ով փոխարինել է Ջոն Մենենդեսին, խոսել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին։

Քարդինը նշել է, որ նա հետաքրքրվելու է Թուրքիային կործանիչների վաճառքի հարցով և նշել, որ հանձնաժողովի որոշման վրա ազդեցություն է ունենալու ոչ միայն Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ) դաշինքին Շվեդիայի անդամակցության, այլ մի շարք հարցեր ևս, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

«Այս հարցը պետք է քննարկեմ ղեկավարի հետ, քանի որ այն մի շարք հարցեր է ներառում իր մեջ, հարցը միայն մեկը չէ»,-ասել է Քարդինը:

Բացի այդ, Քարդինը, անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու հարցի շուրջ գումարված ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների ժողովին, հայտնել է, որ Թուրքիան հավաստիացրել է՝ առաջիկայում դրանով կզբաղվի։

«Եթե դա լինի, առնվազն ՆԱՏՕ-ի հարցը լուծված կլինի։ Սակայն բանակցություններում առաջընթաց գրանցելուն պես, մի շարք հավելյալ հարցեր պետք է քննարկենք»։

Կործանիչների վաճառքի մասին խոսել է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, «Հանրապետական» կուսակցության անդամ Ջիմ Ռիչը։

Մասնավորապես Ռիչ Ամերիկայի ձայնի թուրքերեն ծառայության թղթակցի հետ զրույցում նշել է․ «Եթե Թուրքիան որոշում կայացնի իրեն դրսևորել ՆԱՏՕ-ի պատասխանատու դաշնակցի պես և անի այն, ինչ անհրաժեշտ էր անել նախորդ տարի, սպասում եմ, որ F-16-ների ճանապարհը կբացվի»։