«Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու կոչերը ՀՀ անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են». Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առիթով Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով: Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ: Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները: Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով: Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը: Որովհետև, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է: Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը: Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը: Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից: Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի: 2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: |
Եվրոպական փաստահավաք առաքելությունը Հայաստանում է
218Երեկ, 20:36Ռուսական կողմը հայտարարել է, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
351Երեկ, 19:18Խոշոր չափերով հափշտակության դեպքեր՝ նախադպրոցական հաստատություններում․ ԱԱԾ (տեսանյութ)
373Երեկ, 10:54ՊԵԿ-ը՝ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ
59026.11.2023, 16:48Գերմանիայի նախագահը մեկնում է Իսրայել՝ ի նշան համերաշխության
126125.11.2023, 21:24Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
108825.11.2023, 15:18