Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում». Հայկ Դեմոյան

210
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 12:30
«Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում». Հայկ Դեմոյան

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը։
Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ անթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։ Կապույտ կնիքի առկայություննն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր տնօրենի կողմից կազմված համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։
Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները «նախկին» ու «ներկա» իշխանությունների ներկայացուցիչներն են։
Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։
Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։ Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր, մի քանի անգամ արել եմ հանրային հայտարարություններ։
Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում է զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։
Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստով ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որը բազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։
Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետների երկարաձգումով․․․
Շարունակելի․․․»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան