Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ովքեր նենգությամբ կգան Սուրբ Էջմիածին, ամոթահար ու գլխիկոր կհեռանան». Հայր Ասողիկ

70
Այսօր, 00:00
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ովքեր նենգությամբ կգան Սուրբ Էջմիածին, ամոթահար ու գլխիկոր կհեռանան». Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է. «Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով:
Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Աստված մեզ ապավեն ու զորավիգ:
Յուրաքանչյուրս պատասխան ենք տալու մեր խղճի, մեր ազգի, Հայոց պատմության առջև. յուրաքանչյուրս ներկայանալու ենք Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին:
Պատմական է թե՛ մեր նվիրումն ու հավատարմությունը, մեր սուրբ ուխտի պահպանումը, թե՛ մեր վատահոգությունն ու դավաճանությունը...
Որպես հոգևորական, որպես մի համեստ հայ քրիստոնյա՝ երախտագիտությունս եմ հայտնում իմ սիրելի ազգակիցներին, որ այսօր ուխտի էին եկել Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը և մեր եկեղեցական նվիրական կարգն ու կանոնը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում պետականամետ մեր պատվարժան պատգամավորներին և քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր պատասխանատվության բարձր գիտակցությամբ, հանուն Մայր Եկեղեցու ինքնիշխանության, ազգային համերաշխության ու միասնության անեղծ պահպանման, աղոթքի էին եկել Մայր Աթոռ:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև արժանապատիվ ոստիկաններին, ովքեր Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ իրականացրեցին իրենց ծառայությունը:
Իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի լրագրողներին, ովքեր նախանձախնդիր ու նվիրումով կյանքի են կոչում իրենց կարևորագույն առաքելությունը՝ լուսաբանելով և ճշմարտությունը ամենքիս հասանելի դարձնելով՝ ի շահ մեր երկրի, մեր ազգի և ի փառս մեր Սուրբ Եկեղեցու:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելիներ, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ այս Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան:
Թող Ամենազոր Աստված առատապես օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը:
Թող հար ապրի ու բարգավաճի Ազգս հայոց՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած»: