ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների, բույսերի հետքեր
![]() ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։ «Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։ Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։ Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», - ասաց Իվան Գաբրիելյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից: «Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասել է Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։ Նա նշել է, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։ «Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել», - ասաց Իվան Գաբրիելյանը։ Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է: Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից: Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից: Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18








