Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ակնկալում ենք գործուն քայլեր՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով». Սիմոնյանը՝ Բունդեսթագի նախագահին

146
Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 16:30
«Ակնկալում ենք գործուն քայլեր՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով». Սիմոնյանը՝ Բունդեսթագի նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը և Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:

«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:

Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ եւ խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատեւ խաղաղության անհրաժեշտությունը:

Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ եւ բաց զրույց ծավալելու համար՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար:

Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են եւ առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: