Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Եղբորս բանտում պահում են, որ չխանգարի այն ամենին, ինչ կատարվում է Արցախում». Ծովինար Խաչատրյան. «Հրապարակ»

775
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 10:06
«Եղբորս բանտում պահում են, որ չխանգարի այն ամենին, ինչ կատարվում է Արցախում». Ծովինար Խաչատրյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի դեմ ցուցմունքները հավաքվել են առանց ցուցմունք տվողներին տեղյակ պահելու, թե որ գործի շրջանակում են իրենք հարցաքննվում։ Նրանց մի մասն առերեսումների ժամանակ է տեղեկացել, որ վկայություն է տվել Միշկոյի դեմ։ Եղել են մարդիկ, որոնք, իմանալով, թե ինչի համար են օգտագործվելու իրենց վկայությունները, հրաժարվել են դրանցից։ Մյուսներինն էլ հերքվել են առերեսումների ժամանակ։

Այս մասին մեզ պատմեց գեներալ Միքայել Արզումանյանի քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։ «Բոլոր դեմ ցուցմունքները, հենց հերթը հասնում է առերեսումներին, հերքվում են։ Առերեսումների ժամանակ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, այդ ցուցմունքները փաստերով չեն ապացուցվում։ Անցել է 6 ամիս, բայց մեղադրանքներից ոչ մեկը չի հաստատվել»,- ասում է գեներալի քույրը։

Հիշեցնենք․ Միքայել Արզումանյանը, որը ՊԲ հրամանատար է եղել պատերազմի 44 օրերից վերջին 12 օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր և այլևս չէր կարող պաշտոնավարել, մեղադրվում է Շուշիի անկման համար։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, Շուշիի և հարակից տեղանքի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ է վերաբերվել իր պարտականություններին, չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, առաջադրված խնդիրների հաջող կատարումը ևայլն, և այլն։
Նրա քույրը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ի պաշտպանություն եղբոր։ Նրա համար Լաչինի միջանցքի փակ լինելն ու եղբոր փակված լինելը բանտում փոխկապակցված իրողություններ են:

«Անգամ փոքրիկ երեխան Արցախում գիտի, թե ով է Միքայել Արզումանյանը։ Եթե նա ազատության մեջ լիներ, ժողովուրդը նրա կողմից կլիներ, ու նա կօգներ բացել ճանապարհը։ Նրան փակեցին, որ ոմանք անեն, վերջացնեն իրենց ստոր գործերը, վաճառեն ամեն ինչ, վաճառեն Ղարաբաղն ու հանգստանան։ Միայն եղբայրս չէ։ Այսօր սպաների շրջանում դժգոհություն է հասունանում։ Ներքին խոսակցություն կա զինծառայողների մեջ, թե ինչքան պետք է լռենք, ու եթե Լաչինի ճանապարհի հարցը չլուծվի, մենք ոտքի կկանգնենք»,- ասել է Ծովինար Խաչատրյանը:

Մանրամասները՝ թերթի համարում: