Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում դեռ անորոշություն է. «Հրապարակ»

302
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 09:18
Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում դեռ անորոշություն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի մոտ երկու տասնյակ համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում։ Այստեղ ավագանի և համայնաքապետեր են ընտրելու։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի եզդիաբնակ Ալագյազ համայնքում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում մասնակցության հայտ է ներկայացրել, որի մասին կուսակցությունը տեղեկացրել էր մոտ երկու ամիս առաջ։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության շարքերում լիակատար անորոշություն է՝ մասնակցել, թե չմասնակցել, դեռ վերջնական որոշում չունեն։ «Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ երբ որոշում կունենան, կհայտնեն, դեռ քննարկումների փուլում են։ ՀՅԴ-ի մասով էլ է անորոշություն, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ-ի ՏԻՄ-երին մասնակցության մասով ասաց՝ տեղեկություններ չունի։

Փոխարենը արտախորհրդարանական անհայտ ուժերի կողմից է հետաքրքրություն նկատվում։ Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցության դաշինքով է առաջադրվում Քաջարանի գործող քաղաքապետ, ներկայիս ընդդիմության երբեմնի գաղափարակից Մանվել Փարամազյանը, որը պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակիցն էր ժամանակին և 2021-ի ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված, բայց մայիսին դուրս է եկել։

Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո նախընտրական դաշինքներն այլևս չեն կարող անհատների անուններով կոչվել, ինչպես անցած տարի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինք ստեղծեց ու առաջադրվեց, Մամիկոն Ասլանյանը և ուրիշներ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» և Ավետիք Չալաբյանի ու նրա ընկերների «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքն էր ժամանակին անվանակոչվել Առուշ Առուշանյանի անունով։ Թերևս սրանով է պայմանավորված, որ Մանվել Փարամազյանը որոշել է «դավաճանել» ընդդիմադիրներին և առաջադրվել՝ անհայտ ուժերի ցուցակով, որպեսզի հանրությանը ծանոթ, և հատկապես նախկինների հետ ասոցացվող կուսակցությունների պատճառով չպարտվի։ Նրան թվում է, ասենք, Շարմազանովի կամ Վահե Հակոբյանի անվան հետ կապվելն ավելի վարկաբեկիչ է, քան Սուրեն Սուրենյանցի հետ:

Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ, որն աշնանաը շատ ակտիվ էր, կարծես պասիվացել է: Թեև հայտնում են, որ մասնակցելու են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրություններին: Կմասնակցե՞ն արդյոք այլ համայնքներում ընտրություններին, երեկ պարզել չհաջողվեց՝ կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները։

Անցած տարվա աշնանը, մինչդեռ, արտախորհրդարանական նորաստեղծ այս ուժը քանի համայնքներում հաղթեց և անգամ համայնքապետ ունի Նոյեմբերյանում, մյուսներում էլ ավագանի ունեցավ։

Նախորդ ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսևորած «Իմ հզոր համայնք»՝ նախկին համայնքապետերից ձևավորված կուսակցությունում էլ է քննարկումների փուլ՝ կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում կհստակեցնեն, թե որ համայնքներում են մասնակցելու ՏԻՄ-երին։
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի իրենց մասնակցության հարցը, նրանք էլ են առայժմ քննարկումների փուլում։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարել․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Իշխանությանը հարմարեցված հերթական օրենքն արդեն իր կիրառումն է ստացել Վանաձորում, որտեղ կալանքի վերցրած Մամիկոն Ասլանյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում շարունակում են արգելակել, մինչդեռ Արկադի Փելեշյանին՝ կրիմինալ համբավ ունեցող Ակային համայնքապետի ժպ են նշանակել։ Նույնը, ըստ էության, կկարողանան կրկնել նաև առաջիկայում:

Թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկը նշանակված է օգոստոսի 21-ին: Մինչև օգոստոսի 26-ը, ժամը 18։00 թեկնածուները պարտավոր են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը 18։00, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից և կտևի մինչև սեպտեմբերի 23-ը»:

Մանրամասները՝ թերթի համարում: