«Թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է»․ Բաբկեն Թունյան
1146
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 14:48
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Քանի որ առանձին այս մասին շատ են հարցնում, ասեմ: Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքը գնում է ԻՐԱԿԱՆ տնտեսական աճի ցուցանիշի մասին: Այսինքն՝ ՀՆԱ-ի դեֆլյատորով ճշգրտված տնտեսական աճի մասին, առանց գնաճի էֆեկտի: Միշտ է այդպես եղել. թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է: Ինչո՞ւ: Օրինակով պարզաբանեմ: Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ: Եվ այսպես, Ֆերմերն աճեցնում է կարտոֆիլ և լոլիկ: Նախանցած տարի նա աճեցրել է 500 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 200 դրամով, և 400 կգ լոլիկ՝ կգ-ը 300 դրամով: Հասույթը կազմել է 220 հազար դրամ: Անցած տարի աճեցրել է 520 կգ կարտոֆիլ, 390 կգ լոլիկ: Սակայն գներն աճել են. կարտոֆիլը վաճառել է 250 դրամով, լոլիկը՝ 330 դրամով: Հասույթը կազմել է 258.7 հազար դրամ: Անվանական առումով ֆերմերի տնտեսությունն աճել է 38.7 հազար դրամով կամ 17.6%-ով: Եթե մենք չիմանայինք կարտոֆիլի ծավալի և գնի փոփոխության մասին, և հիմնվեինք միայն այս 17.6%-ի վրա, մեր պատկերացումը ֆերմերի տնտեսության իրական վիճակի մասին լիարժեք չէր լինի: Կմտածեինք՝ գործ ունենք սրընթաց աճի հետ: Լիարժեք հասկանալու համար պետք է համադրելի գներ կիրառենք: Հաշվենք՝ որքան կլիներ ֆերմերի հասույթը, եթե նա կարտոֆիլը վաճառած լիներ անցած տարվա գներով: Կամ, պայմանական ասած, հասույթը ճշգրտենք «դեֆլյատորով»: Կստացվի՝ 221 հազար դրամ (520կգ x 200դր + 390կգ x 300դր): Իրական աճն էլ կստացվի ընդամենը հազար դրամ կամ 0.4%: Եվ կհասկանայինք, որ ֆերմերի տնտեսությունն աճել է ոչ թե 17.6%-ով, այլ կարելի է ասել, չի աճել: Ահա ճիշտ նույն տրամաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ճշգրտում է մեր ՀՆԱ-ի աճը ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունը, և «մաքրելով» գնաճի էֆեկտը՝ հրապարակում իրական տնտեսական աճի ցուցանիշը: Նույնը անում է առանձին ոլորտների աճերի դեպքում: Այլապես մենք չէինք կարողանա հասկանալ՝ տնտեսությո՞ւնն է իրոք աճել, թե՞ գները: Դրա համար է կարևոր իրական աճի ցուցանիշի հրապարակումը, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը: Իսկ տնտեսական քաղաքականության նպատակը իրական աճն է, հավելյալ արժեք ստեղծելն ու դրա արդյունքում մարդկանց բարեկեցությունը ավելացնելը»: