Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում
Օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը: 1500 դոլար՝ աշխատանքի ընդունվելու համար Տնօրեն Մարինա Մալախյանը, իր հերթին, ձայնագրությունում ասում է, որ ուր էլ գնար, «այդ «շնորհակալությունը» տալու էր», այնինչ ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Կանջարովան իր խոսքում լեգիտիմ էր համարում ուսուցչուհու պահանջները և միջնորդի դեր ստանձնում: Մեկ այլ խոսակցությունում ուսուցչուհին սկսում է հետ պահանջել աշխատանքի ընդունման համար տրված գումարը և պնդում, որ թեև այլ դպրոցներում ևս աշխատանքի ընդունման համար կաշառք են ուզում, բայց դրա դիմաց ապահովում են աշխատանքով։ Իսկ այս դեպքում, փաստացի, որոշ ժամանակ անց նա մնացել է առանց աշխատանքի: Այդուհանդերձ, ուսուցչուհու ու տնօրենի վեճի հիմնական առարկան աշխատանքի ընդունման կաշառքը չէ: Աշխատավարձի մի մասը՝ «ատկատ» Հաջորդ ուսումնական տարում տնօրենն ավելացրել է ուսուցչուհու ժամաքանակը՝ 8-ից դարձնելով 13 դասաժամ։ Սրա համար Մելինե Հակոբյանն ստացել է 135-138 հազար դրամ աշխատավարձ, որից 100 հազարը պահել է իրեն, մյուս մասը՝ տնօրենի պահանջով, տվել վերջինիս։ Մի քանի ամիս անց տնօրենը, պատճառաբանելով, թե աշակերտների ծնողները բողոքել են Հակոբյանից, վերցրել է Հակոբյանին տված 13 դասաժամից 5-ը և տվել ուսուցչի օգնականի հաստիքում աշխատողներից մեկին, սակայն քանի որ վերջինս չունի դասավանդելու իրավունք, աշխատավարձը շարունակել է ստանալ Մելինե Հակոբյանը և յուրաքանչյուր ամիս՝ սկզբում 20 հազար, այնուհետև 7 հազար դրամ փոխանցել ուսուցչի օգնականին։ Այս ամենից հետո տնօրենն իր մոտ է կանչել Հակոբյանին և պահանջել ավելացնել իրեն տրվող գումարը։ Նախորդ ուսումնական տարում ուսուցչուհին ներգրավված էր նաև երկարօրյա ուսուցման մեջ, որի համար վարձատրվում էր: Երկարօրյա ուսուցումը, սակայն, ըստ ամենայնի, չկար: Այսինքն, դրա համար աշխատավարձը դուրս էր գրվում, բայց այն չէր իրականացվում (երկարօրյա կրթությունը դպրոցների կողմից տրամադրվող լրացուցիչ ծառայություն է, որը բավականին քիչ է կանոնակարգված իրավական ակտերով): Ապրիլի 29-ի ձայնագրությունում, որտեղ լսվում է ուսուցչի, տնօրենի ու ուսմասվարի խոսակցությունը, ուսուցչուհին տնօրենին հերթական անգամ ասում է, որ պարբերաբար վճարել է պահանջված գումարը, որին ի պատասխան տնօրենն ասում է՝ ուսուցչուհին դեմ չի եղել դրան: Այդ խոսակցությունում ուսմասվարը նույնիսկ սկսում է հաշվել, թե որ ամսում ուսուցչուհին որքան գումար է «վերադարձրել» աշխատավարձից: Իսկ մեկուկես ժամ տևած խոսակցության վերջում տնօրենն ասում է՝ «պրեստուպնիկների մասնակցություն ա սա… ինձ դատ ա հասնում»:
Տնօրենի մեկնաբանությունը Հնչեցրած հարցերին ի պատասխան տնօրենը բավական երկար ներկայացնում էր իր անցած ուղին, ընտանիքի և դպրոցի պատմությունը, հաջողությունները և մի քանի անգամ նույն հարցը տալուց հետո միայն ասաց, որ Մելինե Հակոբյանն իրեն ծաղիկներ, խաղալիք և քաղցրավենիք է նվիրել, որը ինքը տվել է դպրոցում գործող ներառական դասարանին։ Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար վերցրած կաշառքին, Մալախյանը կտրականապես հերքեց այդ փաստը։ Հերքեց նաև աշխատավարձից «փայ» պահանջելու տեղեկությունը, սակայն ավելացրեց, որ հնարավոր է՝ ամսվա ընթացքում ուսուցիչները միմյանց փոխարինելու համար իրար գումար տան կամ վերցնեն։ Տնօրենը նշեց, որ խոսքը «չնչին գումարի» մասին է՝ 7-8 հազար դրամ, սակայն ինքը դրա հետ կապ չունի։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Տաշիրում ուսուցիչը հարվածել է երեխաներին ու մտցրել պահարանի մեջ (տեսանյութ)
108Երեկ, 14:54«Չհամարձակվե՛ք». Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
11319.12.2024, 09:30«ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10318.12.2024, 11:12«Հանրակրթությունը զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի այն». Սմբատ Գոգյան
20914.12.2024, 00:06Հետողորմյա․ դասագրքերի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»
15213.12.2024, 09:30«Ովքեր ասում են, որ «կրթվելը նորաձև է», տգետ են». Կարեն Քոչարյան
41611.12.2024, 04:06