«Դասերը կլինեն ամեն օր». նախարարի տեղակալ
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Համավարակի կանոններն ուշադրության կենտրոնում են «Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը: Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն՝ անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով՝ թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ: Առաջին դասարանցիների հանդիսությունները՝ բացօթյա և մեկ օր շուտ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ՝ տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը: Դպրոցներում կգործեն երկարօրյաները և բուֆետները Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից՝ կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը: «Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ: Նոր լաբորատորիաների հարցն առաջնային է Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ: Նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով: Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր: Հատկանշական է, որ մայրաքաղաքի դիմորդների շրջանում եղել են նաև մարզային բուհեր դիմողներ: Նախընտրելի մասնագիտությունների սանդղակը ևս մոտ է մարզային արդյունքներին՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, բուժական գործ, իրավագիտություն, տնտեսագիտություն, դիզայն և ճարտարագիտություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես մարզերում, Երևանում ևս մտահոգիչ է հատկապես մաթեմատիկայի միջին միավորը, որը կազմել է 10,6 միավոր: ԲՏՃՄ ուղղության մյուս առարկաների միջին միավորները ևս ցածր են: «Հանրակրթական նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, իսկ հետագայում՝ լրամշակվելուց հետո, ներդրվելու է ողջ հանրապետությունում, մենք բնագիտամաթեմատիկական ուղղության առարկաների ուսուցման որակը բարելավելու առաջնային խնդիր ենք դրել: Տավուշում այս տարի նոր չափորոշչի փորձարկմանը զուգահեռ՝ բոլոր դպրոցներին ապահովել ենք բնագիտական առարկաների լաբորատորիաներով և համակարգչային նոր սարքավորումներով: Աշխատում ենք անել ամեն ինչ, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովվեն նոր բնագիտական լաբորատորիաներով, որոնք ուղղակիորեն կնպաստեն այդ առարկաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Մասնագիտական աջակցություն դպրոցներին ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է պարզաբանումներ պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների, ուսումնական և թեմատիկ պլանների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ը հրապարակել է օրինակելի թեմատիկ պլանները, որոնք ուսուցիչները կարող են ներբեռնել էլեկտրոնային մատյանների համապատասխան բաժիններում: Հրապարակվել է նաև «Ինչպես սկսել ուսումնական տարին» էլեկտրոնային ուղեցույցը: Նշվել է, որ դպրոցի ուսուցիչներին և տնօրեններին ցուցաբերվող մեթոդական աջակցության աշխատանքները կլինեն շարունակական: Այդ նպատակով նախատեսվում են մի շարք վերապատրաստումներ: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ նոր իրավական ակտերի, մասնավորապես դպրոցի տնօրենի ընտրության կարգի վերաբերյալ: |

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13108.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
15407.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
17303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
14503.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
13703.04.2026, 11:18
«Ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր». Նիկոլ Փաշինյանը՝ երեխաներին (տեսանյութ)
11903.04.2026, 10:54
