Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Թալիբները չեն կարողանա օգտվել Արժույթի միջազգային հիմնադրամում Աֆղանստանի ունեցած միջոցներից

904
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 16:30
Թալիբները չեն կարողանա օգտվել Արժույթի միջազգային հիմնադրամում Աֆղանստանի ունեցած միջոցներից

Արժույթի միջազգային հիմնադրամը դադարեցրել է Աֆղանստանի հասանելիությունը կազմակերպության միջոցներին՝ պայմանավորված երկրում առաջացած քաղաքական իրավիճակով: Կասեցվել է նաև Քաբուլի համար իրականացվող վարկային ծրագիրը, հաղորդում է DW գործակալությունը:

«Ներկա պահին միջազգային հանրության շրջանում հստակ չէ Աֆղանստանի նոր կառավարության ճանաչման վերաբերյալ դիրքորոշումը, ինչի հետ կապված երկիրը չունի մուտք դեպի այդ միջոցներ»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչը:

Աֆղանստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Ադժմալ Ահմադը, ով վերջին դեպքերից հետո լքել է երկիրը, հայտարարել է, որ երկրի արտարժութային պահուստները կազմում են 9 միլիարդ դոլար, սակայն գումարների մեծ մասը գտնվում է երկրի սահմաններից դուրս: Նշվում է, որ միայն Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկում պահվում է 7 միլիարդ դոլար:

Աֆղանական արժույթի արժեքը կտրուկ նվազել է «Թալիբան» իսլամիստական ծայրահեղական շարժման՝ իշխանության գալուց հետո: