COVID-19-ի պայմաններում պետությունը երեխաների մանկապարտեզ ընդունելը կազմակերպել է խնդիրներով. ՄԻՊ
1215
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 22:00
2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը: Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել են ֆիքսված առավելագույն թվաքանակներ և լրացուցիչ ընդունելություն չի իրականացվել: Երեխաների առավելագույն թվաքանակի պահանջից բացառություններ նախատեսված չեն եղել: Արդյունքում՝ ֆիքսված թվաքանակներից ավել երեխաներ չեն ընդունվել մանկապարտեզ, որի պատճառով էլ ծնողները չեն կարողացել անցնել կամ ներկայանալ աշխատանքի: Բարձրացված խնդիրների առնչությամբ Պաշտպանը գրավոր հաղորդակցություն է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Բանն այն է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի սկզբնական շրջանում Պարետի որոշմամբ, իսկ հետագայում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել էր, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվեր բեռնաթափված՝ 10-12 հոգանոց խմբերով: Առողջապահության նախարարի հրամանով նախատեսված է եղել նաև, որ առաջնահերթություն պետք է տրվի միայն այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և (կամ) այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Բացի դրանից, Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է մանկապարտեզներում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը: Չնայած 2021 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանում կատարվել են փոփոխություններ, որոնցով մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար, ինչպես նաև նախատեսվել են այլ առաջնահերթություններ, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Այս մասին են վկայում Պաշտպանին մինչ օրս հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները: Իհարկե, Պաշտպանը կարևորում է COVID-19-ի կանխարգելման պատշաճ կազմակերպումը և երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար անվտանգ միջավայր երաշխավորելը: Դրա հետ մեկտեղ, նկատի ունենալով երեխաների լավագույն շահերով առաջնորդվելու հրամայականը, նախադպրոցական կրթության իրավունքի իրացման կարևորությունը՝ հանրային մարմինները պետք է հաշվի առնեն մանկապարտեզների հասանելիության հարցում խնդիրները և բողոքների աճող թիվը և այդ կապակցությամբ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ: Իրականում, ինչպես արձանագրել է Պաշտպանը տարեկան հաղորդմամբ, անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել այնպիսի լուծում, որը ճկուն գործիքակազմի միջոցով թույլ կտա հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: