Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Արա Սաղաթելյանը կալանավորվեց

407
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 22:55
Արա Սաղաթելյանը կալանավորվեց

«Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջի գործով Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննված միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակվեց:

Ըստ դատարանի որոշման՝ Սաղաթելյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանի փոխանցմամբ, չնայած, որ դատարանը ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, այնուամենայնիվ, որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ին բացահայտելու համար ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։ Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: