Մի շարք երկրներ մեղադրում են Ռուսաստանին #COVID_19-ի պատվաստանյութի մասին տվյալներ գողանալու փորձերի մեջ
3209
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 21:20
Մեծ Բրիտանիայի քիբերանվտանգության կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերները փորձել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին տվյալներ գողանալ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ «քիբերլրտեսությամբ զբաղվող» APT29 կամ Dukes և Cozy Bear խմբերը, որոնք «գրեթե հաստատ» մտնում են ռուսական հետախուզական կառույցների մեջ, ամբողջ տարվա ընթացքում հարձակումներ են կատարել տարբեր կազմակերպությունների վրա, որոնք մասնակցել են դեղամիջոցի ստեղծման գործին: Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մշակողների համակարգիչներ հասանելիություն ստանալու համար հաքերներն օգտագործել են WellMess և WellMail վնասակար ծրագրերը և ֆիշինգը: Հետախուզության արդյունքներով, այդ տվյալների մեծ մասն արժեք չեն ունեցել, սակայն հափշտակած տեղեկություններից կարող են օգտվել ավելի ուշ կամ այն դեպքում, երբ դրանք նշանակալի դառնան։ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2-ի պատվաստանյութերը մշակում են երկու գիտական կենտրոն՝ Օքսֆորդի համալսարանը և Լոնդոնի կայսերական քոլեջը։ Անգլիական ԶԼՄ-ները, հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին, գրում են, որ երկու կազմակերպություններն էլ ենթարկվել են «հաքերների հարձակումներին»։ Այն մասին, թե նրանց ինչ-որ վնաս է հասցվել, չի հաղորդվում։ «Բացարձակապես անընդունելի է ռուսական հետախուզական ծառայությունների կողմից՝ հարձակվել նրանց վրա, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Մինչ ոմանք հետևում են իրենց եսասիրական շահերին, Բրիտանիան և նրա դաշնակիցները բարդ աշխատանք են կատարում պատվաստանյութի որոնման և ամբողջ աշխարհի առողջության պահպանման ուղղությամբ։ Մեծ Բրիտանիան կշարունակի դիմակայել նման քիբերհարձակումներին և կհամագործակցի դաշնակիցների հետ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չգիտի, թե ով կարող էր կոտրել դեղագործարանների և հետազոտական կենտրոնների համակարգիչները: Լոնդոնի հաքերային հարձակումների մեղադրանքները Ռուսաստանը չի ընդունում՝ դրանք համարելով մերկապարանոց պնդումներ: