Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Դա ճշմարտություն չէ, պարո՛ն Փաշինյան. անձնական օրինակով կարող եմ ապացուցել». վարչապետը զրուցում է ԿԲ-ի մոտ հավաքված քաղաքացիների հետ

450
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 15:10
«Դա ճշմարտություն չէ, պարո՛ն Փաշինյան. անձնական օրինակով կարող եմ ապացուցել». վարչապետը զրուցում է ԿԲ-ի մոտ հավաքված քաղաքացիների հետ

«Արտակարգ դրություն է. մարդկանց առողջության, ձեր առողջության մասին չե՞ք մտածում, որ հավաքվել եք էստեղ: Դուք իրավունք ունե՞ք առանց դիմակի ակցիա անելու»,- դիմելով Կենտրոնական բանկի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ բանկերն իրավունք ունե՞ն զանգել ու փող ուզել մարդկանցից։ Զանգում ու ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռքիցդ»,- արձագանքեց քաղաքացիներից մեկը:

Վարչապետը պատասխանեց, որ բանկերն այսօր 500 հազար մարդու վարկային արձակուրդ են տվել, ինչի հետ չհամաձայնեցին հավաքվածները. «Դա ճշմարտություն չէ, պարոն Փաշինյան, անձնական օրինակով կարող եմ ապացուցել»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հինգ օրինակ փոխանցեն իր օգնական Նաիրի Սարգսյանին, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը. «Այդ հինգ օրինակը կուզեմ, հետո ուրիշ օրինակ կնայեմ, հետո էլ 50 օրինակ կուզեմ, միայն մի պայմանով՝ իրարից հեռու կանգնեք»,- հորդորեց վարչապետը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ պաշտպանում են հասարակ քաղաքացու շահերը և պետք է հասնեն նրան, որ բանկերն ավելի ցածր տոկոսներով սպասարկեն քաղաքացիներին: