Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

«Չի բացառվում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը». փոխվարչապետ

193
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 20:35
«Չի բացառվում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը». փոխվարչապետ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե հաշվի առնելով գազի և նավթի միջազգային շուկայում գների անկումը, ՀՀ-ն նավթի և գազի ներկրման համար պայմանագրերը վերանայելու մտադրություն ունի՞:

Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Հայաստանը սահմանին ռուսական գազի համար բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորություն ունի, իրավապայմանագրային բազան թույլ է տալիս, սակայն կառավարությունը դրանում որոշակի ռիսկեր է տեսնում: Եթե տեսնենք, թե այսօր ինչ է կատարվում նավթի գների հետ, և թե պոտենցիալ ինչ ազդեցություն կունենա գազի գնի վրա, համաձայն եմ, որ մտածելու բան կա: Բայց միշտ պետք է հիշենք, որ սահմանին գազի գնի համար կա երկու տարբերակ՝ երկու տարբեր ռիսկեր, որ կարող ենք մի պահ միասին քննարկել ու որոշել, թե որ ռիսկին ենք գնում: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր միտումների ազդեցությամբ, ապա այդ դեպքում կարող է մենք հիմա սահմանին ունենայինք գազի շատ լավ գին, բայց կարող էր կես տարի հետո այդ գինը լիովին այլ լինել: Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի ու միջինացված նայենք, գուցե ստացվի, որ ներկա գինը թանկ է, բայց դեռևս այս պահին, եթե միջինացված նայենք, այդ գինը համարվում է որոշ չափով արտոնյալ: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում և գործընթացներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, որ մենք մտածենք նրա մասին, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ: Ըստ էության, այսօրվա իրավապայմանագրային բազան թույլ տալիս է, որպեսզի նման բան կիրառվի»: