Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Չափազանց շատ անելիքներ ունենք զինվորականության սոցիալական պայմանների բարելավման հարցում». Բաբաջանյան

136
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 23:50
«Չափազանց շատ անելիքներ ունենք զինվորականության սոցիալական պայմանների բարելավման հարցում». Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, անդրադարձավ նաև բանակում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, ընդհանրապես բանակի դերին ու նշանակությանը։ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նա այդ առիթով մասնավորապես ասել է. «Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է:

Այսինքն՝ բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը, և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը, և այսօր մենք, իհարկե, կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառութային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել:

Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը»: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։
Բանակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը խնդրահարույց է։

Խոսքն այն մասին է, որ նա բանակը և բանակում ծառայությունն, ըստ էության, առանձնացնում է իրարից՝ հայտարարելով, որ բանակն ունի անառարկելի հեղինակություն, մինչդեռ բանակում ծառայության հեղինակությունը զիջում է դրան։ Իրականում բանակը առանձին սուբստանցիա չէ, բանակը բանակ է առաջին հերթին դրանում ծառայություն իրականացնող շարքային զինվորներով, սպաներով ու բարձրաստիճան հրամանատարությամբ։ Բանակն ամբողջական օրգանիզմ է, ընդ որում՝ այնպիսի օրգանիզմ է, որում մեկտեղված, օրգանապես շաղկապված են պետությունն ու հասարակությունը։

Բանակը բոլորինս է, ինչպես որ բոլորինս է բանակի հեղինակությունը։ Հասարակությունը չափազանց զգայուն է բանակի հետ կապված ցանկացած հարցում, քանի որ արդարացիորեն հենց բանակն է համարում իր ու պետության անվտանգության գլխավոր երաշխավորը։ Հետևաբար, բանակի խնդիրները ևս պետք է դիտարկվեն այս ամբողջության մեջ, բանակ-պետություն-ազգ եռամիասնության հարթությունում։ Բանակը պահանջում է ամենօրյա աշխատանք՝ սկսած զինծառայության պայմանների անընդհատ բարելավումից, մինչև սպառազինության համալրում ու մարտունակության բարձրացում։ Ընդ որում, բոլոր այդ գործառույթները փոխադարձաբար կապված են իրար հետ և հնարավոր չէ հասնել մի ուղղությամբ հաջողության՝ անտեսելով մյուս ուղղությունները։ Մենք դեռևս չափազանց շատ անելիքներ ունենք զինվորականության սոցիալական պայմանների բարելավման հարցում։ Ցավոք, բանակում ծառայությունը դեռևս ցանկալի մակարդակով գրավիչ չէ, այդ ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են անհրաժեշտ։

Բանակն առողջ օրգանիզմ է, և նրան բնորոշ են հասարակությանը հատուկ բոլոր ախտերն ու արատները։ Վարչապետն իրավացի է այն հարցում, որ մենք չպետք է բանակին թողնենք միայնակ։ Բոլորս անելիք ունենք բանակում առկա խնդիրների լուծման, բանակում զինծառայության պայմանների բարելավման հարցում։ Այո, Հայոց բանակն ունի անառարկելի հեղինակություն, որը պաշտպանելու և էլ ավելի բարձրացնելու պարտք ունենք բոլորս։

Հ․Գ․ Միանգամայն տրամաբանական ու օրինաչափ պետք է համարել, որ Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից, ինչպես նաև բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումից հետո Արցախի պաշտպանության բանակում տեղի ունեցան կադրային փոփոխություններ։ Նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար։ Բանակում կադրային փոփոխությունները չափազանց կարևոր են ինչպես զինված ուժերի արդիականացման, այնպես էլ դրանցում տեղի ունեցող միջադեպերի համար պատասխանատվության հասցեականացման առումով։ Կարևոր է, սակայն, որ այդ փոփոխությունները լինեն ոչ թե պաշտոնյաների մեխանիկական վերադասավորումներ, այլ բխեն զինված ուժերում ընթացող արդիականացման, բարեփոխումների գործընթացի համալիր, համակարգված բնույթից։

Փառք Հայոց բանակին»: