Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ». ՊԵԿ նախագահ

260
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 15:35
«Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ». ՊԵԿ նախագահ

«Ես չգիտեմ, թե հարկ վճարողներն ինչպես են վերաբերվում վարչապետի հորդորներին: Ավելի քան 9 միլիոն կտրոն հունվարի համեմատությամբ ավելին է տպվել». այսպես արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողի այն հարց-դիտարկմանը, թե հարկ վճարողներն անտեսո՞ւմ են վարչապետի՝ ՀԴՄ կտրոն տրամադրելու հորդորները: Դ. Անանյանն ասաց, որ հանրության մի հատված կա, որ հորդորները լսում է, բայց կա նաև մի հատված, որը միշտ մի ճանապարհ գտնում է հարկեր չվճարելու համար: Իրենք իրականացնում են իրենց՝ հարկային պարտավորություններից խուսափողներին բացահայտելու գործառույթը: ՊԵԿ նախագահը ճիշտ չհամարեց հարկ վճարելու համար շահագրգռող քայլեր անելը: Ըստ երկրի գլխավոր հարկահավաքի՝ պետք է հարկ վճարելու մշակույթ ձևավորել և ոչ թե քաղաքացիների հետ շահի վրա հիմնված հարաբերություններ կառուցել:

«Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Նա նշեց, որ ավելի քան 87 հազար նոր աշխատատեղ է բացվել՝ առանց մանրամասնելու, թե դրանից քանիսն է ստվերից դուրս եկած և քանիսը՝ իրական նոր:

Երկրորդ հարցին՝ գո՞հ է ստվերը դուրս բերելու աշխատանքի արդյունքներից, Դ. Անանյանն ասաց. «Աշխատանքում ոչ մի բան մեզ չպետք է գոհացնի: Եթե համարենք, որ մեզ գոհացնում է, այդ ժամանակ կլինի մեր թոշակի գալու ժամանակը»: