Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության սխեմայի փլուզմից հետո նոր տնտեսվարողներ են հայտնվել». ՊԵԿ նախագահի տեղակալ

219
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 12:25
««Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության սխեմայի փլուզմից հետո նոր տնտեսվարողներ են հայտնվել». ՊԵԿ նախագահի տեղակալ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նոր տնտեսվարողների թվի աճ է արձանագրվել: 2018թ. կեսերից մինչ այսօր դրանց թիվը 5500-ից հասել է 12 200-ի: Աճը պայմանավորված է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության սխեմայի փլուզմամբ:

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ., այդ ընկերությունը հայտնվել էր քննչական մարմինների դիտակետում: Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ՝ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում՝ Շոտլանդիայում (նախնական տվյալներով՝ օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիսին ՀՀ-ում հիմնադրվել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն էր նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել էին, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռները պետք է մաքսազերծվեին բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, ընկերությունն էլ լուծարվել էր: