Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Թող ասեն՝ ինչո՞ւ նոր ՀԴՄ չեն կարողանում ապահովել, հետո նոր խոսեն». Սուրեն Պարսյան

290
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 13:30
«Թող ասեն՝ ինչո՞ւ նոր ՀԴՄ չեն կարողանում ապահովել, հետո նոր խոսեն». Սուրեն Պարսյան

«Երկնիշ տնտեսական աճին հասնելու համար պետք են որոշակի հիմքեր: Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Չունենք այդպիսի խոշորածավալ ներդրումների նախագծեր կամ ակնկալիքներ, հետևաբար այս պահին չենք կարող երկնիշ ցուցանիշի հասնել՝ գոնե 2020 թվականի համար». փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե իրատեսական համարո՞ւմ է երկնիշ տնտեսական աճը:

Նա հիշեցրեց միջազգային տնտեսական կառույցների՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի կանխատեսումները, որոնց համաձայն՝ ՀՀ-ում 2020թ. տնտեսական աճը կլինի 5-7 տոկոս, այսինքն՝ այդ կառույցներն էլ չեն տեսնում թռիչքաձև աճի տեմպերը: Ըստ տնտեսագետի՝ ինքնանպատակ երկնիշ տնտեսական աճ դնելն անիմաստ է, որովհետև այդ աճը կարող են ապահովել օրինակ՝ շահումով խաղերը, որը տնտեսական ազդեցություն չի ապահովի:

Ս. Պարսյանը նաև պնդեց, որ պետք չէ ֆետիշացնել ՀԴՄ-ների տրամադրումը: «10 հազարից ավելի տնտեսվարողներ նոր ՀԴՄ-ներ չեն ստացել: Այն տնտեսվարողները, ովքեր նոր են շուկա մտնում, հին ՀԴՄ-ներով են գործում: Կառավարության ներկայացուցիչները թող պատասխանեն, թե ինչու մեկ տարուց ավելի է՝ չեն կարողանում ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ներ, հետո նոր խոսեն ՀԴՄ տպագրելու մասին»,- նշեց տնտեսագետը: