Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Խնդրում եմ խուճապ չտարածել, ոչ ոք գերի չէ». ի՞նչ խնդիրներ ունեն Չինաստանում գտնվող մեր հայրենակիցները

2697
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 14:10
«Խնդրում եմ խուճապ չտարածել, ոչ ոք գերի չէ». ի՞նչ խնդիրներ ունեն Չինաստանում գտնվող մեր հայրենակիցները

Չինաստանի Հանչժոու քաղաքում արդեն 3 տարի բնակվող Սիփան Պետրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակը։

«Վիճակը մեր քաղաքում դեռ շատ ծայրահեղ չէ, բայց վիրուսի տարածումը բավականին արագ է տեղի ունենում, քանի որ մուտացիայի է ենթարկվում։ Առայժմ, այսօրվա դրությամբ, մեր քաղաքում գրանցվել է 69 դեպք, որոնցից 1-ը բուժվել է, 68-ը՝ հոսպիտալացվել։ Փողոցներում շատ քիչ մարդիկ կան. հիմնականում դուրս են գալիս սնունդ գնելու և վերադառնում։ Գրեթե բոլորը կրում են պաշտպանիչ դիմակներ։ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում բավականին լարված իրավիճակ է, իսկ մնացած քաղաքներում վտանգն առկա է, բայց ոչ այնքան մեծ։ Մեր քաղաքում քաղաքապետարանը զգուշացնում է՝ ամեն օր հետևել հիգիենային, զգույշ լինել մսամթերքից և ձկնամթերքից։ Փորձում ենք գնել փակ տուփերով սնունդ։

Գրեթե բոլոր կայարաններն ու օդանավակայաններն աշխատում են և խիստ հսկողության տակ են գտնվում. ստուգում են մուտք և ելք, մնացած բոլոր ճանապարհները՝ քաղաքից քաղաք։ Ես այս պահին ընտանիքիս հետ միասին Հանչժոուում եմ և դեռ չեմ պատրաստվում վերադառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը դեպի լավը կգնա»,- պատմում էր մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մինչև փետրվարի 27-ը (նախնական) փակ են լինելու նաև ուսումնական հաստատությունները։

Սիփանի խոսքով՝ իր որոշ ընկերներին տարհանում են Միացյալ Նահանգներ, Ճապոնիա։ «Ես խնդրում եմ խուճապ չտարածել. ես ստեղծել եմ Armenian in China խումբ WeChat հավելվածում և ամեն օր կապի մեջ եմ շուրջ 500-ից ավելի հայրենակիցների հետ. մշտական կապի մեջ եմ դեսպանատան և այլ հաստատությունների հետ։ Առայժմ Հայաստանը տարհանման կամ այլ աջակցման պլան չունի»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ գերատեսչությունների կողմից, արդյոք կապ կա՞ իրենց միջև, Սիփան Պետրոսյան ասաց, որ դեռևս որևէ կառույցից ոչ մի նամակագրություն չի փոխանցվել օգնության վերաբերյալ. «Կապվել եմ Առողջապահության նախարարության, Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ: Վերջին անգամ ասացին, որ իրենք դեռ տարահանման պլանի հետ կապված որոշում չունեն և մենք ինքներս պետք է որոշենք՝ հե՞տ վերադառնանք, թե՞ ոչ՝ ելնելով մեր տարածաշրջանում տիրող իրավիճակից և անվտանգությունից»:

Հարցին, եթե ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության կողմից օգնություն առաջարկվի երկրից դուրս գալու, կընդունե՞ք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դեռ երկմտանքի մեջ է, բայց եթե ՀՀ-ն կազմակերպի և բոլորին անվտանգ դուրս բերելու հնարավորություն լինի, գուցեև ինքն էլ ցանկանա:

Իսկ թե ինչ խնդիրներ ունեն այս պահին, Սիփանը նշեց դրանցից մի քանիսը. «Ունենք պաշտպանիչ դիմակների խնդիր, քանի որ դեղատներում արդեն վերջացել է: Սնունդը վերջին անգամ 2 օր առաջ եմ գնել՝ մի քանի օրվա համար: Այսօր պետք է նորից խանութ գնամ: Երկու օր առաջ աղն ու շաքարավազը խանութներում վերջացել էին, հուսով եմ՝ կստանան... Առայժմ մի քանի օրվա սնունդ ունենք, իհարկե, խանութներում էլ սնունդ կա, բայց ոչ ամեն բան»:

Սիփան Պետրոսյանը վերջում հորդորեց չհավատալ կեղծ լուրերին. «Խնդրում եմ նշեք, որ ոչ ոք «գերի» չէ, միայն Ուհան քաղաքում են մարդիկ փակված, ճանապարհներն են փակ, մնացած քաղաքներում բաց են»:

Հավելենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:

ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը գտնվում է Հուբեի նահանգում:

Քարտեզում ներկայացված են Ուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդների և մահացածների վերջին տվյալները:

Վերջին թարմացումը` 2020/1/30, ժամը՝ 14:00
•Մահվան դեպքեր՝ 170, •Հիվանդանոցից դուրս գրվածներ՝ 130, •Վիրուսի հաստատված դեպքեր՝ 7742, •Կասկածելի դեպքեր՝ 12167
Վերջին թարմացումը` 2020/1/30, ժամը՝ 14:00 •Մահվան դեպքեր՝ 170, •Հիվանդանոցից դուրս գրվածներ՝ 130, •Վիրուսի հաստատված դեպքեր՝ 7742, •Կասկածելի դեպքեր՝ 12167