Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«ՆՓ-ի երազանքը, որ 2020-ին կանցնենք Ադրբեջանին, ապացուցված չէ». Հրանտ Բագրատյան

595
Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 12:20
«ՆՓ-ի երազանքը, որ 2020-ին կանցնենք Ադրբեջանին, ապացուցված չէ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019-ի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020-ին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորև)»։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։
Անմիջապես ասենք, որ նման բան չկա։
1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։
2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին, ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թթ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ՝ 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ.։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։
3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
4. Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար)։
Ոʹչ 2019-ին, ոʹչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոʹչ Վրաստանից, ոʹչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին»։