Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN

32
Այսօր, 00:37
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը Վաշինգթոնում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ մահափորձերի ծրագրեր է մշակում՝ «կեղտոտ ռումբի» կամ քիմիական զենքի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Աղբյուրները նշում են, որ հետախուզական տվյալները չեն վկայում հարձակման անխուսափելիության մասին, սակայն իրանցիները ծրագրեր են նախապատրաստում՝ անհրաժեշտության դեպքում գործելու հնարավորություն ունենալու համար։ Նրանց խոսքով՝ ծրագրերում մանրամասն նշված են վայրերն ու թիրախները, ինչը ստիպում է ԱՄՆ-ին պատրաստվել անկանխատեսելի զարգացումների։

«Հարցը, թե արդյոք նրանք իրականում ունեն նման գործողություն իրականացնելու մասնագետներ, մնում է բաց»,- CNN-ին ասել է զրուցակիցներից մեկը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան հետախուզությունը ձեռք է բերել տվյալներ, որոնց համաձայն՝ ԱՄՆ տարածքում թաքցված են ռումբեր պատրաստելու համար նախատեսված նյութեր։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ թեև ամերիկացի պաշտոնյաները տարակարծիք են հետախուզական տվյալների հավաստիության հարցում, նրանք ընդհանուր առմամբ համաձայն են, որ Թեհրանը կարող էր ԱՄՆ տարածքում թաքցնել միջուկային կամ քիմիական նյութեր, որոնք հնարավոր կլիներ միացնել սովորական պայթուցիկ նյութին՝ ստեղծելով այսպես կոչված «կեղտոտ ռումբ»։

«Ցանկացած նման զենք ահաբեկչության գործիք է, այլ ոչ թե բարձր ճշգրտության զենք, ինչպես մահապարտ ահաբեկչի պայթուցիկը»,- նշել է աղբյուրներից մեկը։ «Դրանք կարող են մարդկանց մոտ ծանր հիվանդություններ առաջացնել և որոշակի տարածքներ դարձնել ոչ պիտանի բնակության համար»,- հավելել է նա։