Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Առավոտից արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում». Նիկոլ Փաշինյան

431
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 11:25
«Առավոտից արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում». Նիկոլ Փաշինյան

«Առավոտից արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. աղտոտված ջրերը պոչամբարից հոսել են դեպի Ողջի գետ: Պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կարող եք ասել»,- կառավարության նիստում, դիմելով նախարարներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան մարզպետը զանգեց ու ասաց, որ գետի գույնը փոխված է: Բոլորը գնացել են դեպքի վայր՝ հասկանալու իրավիճակը: Տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենայինից, բայց դեռևս հստակ չեմ կարող ասել՝ ո՞ր ընկերությունն է»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմինն արդեն փորձանմուշներ է վերցրել: Եթե նշված տարածքն ավելի վերև է գտնվում, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից արտահոսքերն են, իսկ եթե կենտրոնում է, հնարավոր է՝ Կապանի նախկին հանքի արտահոսքը լինի: Այս պահին միայն դա կարող ենք ասել: Մեկ-երկու ժամվա ընթացքում պարզ կլինի»,- շարունակեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: