Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

«Թուրքական կողմը լավ օգտագործում է այդ ջրամբարը, մեր կողմից՝ փշալարերը դրած են». Սամվել Ավետիսյան

113
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 13:30
«Թուրքական կողմը լավ օգտագործում է այդ ջրամբարը, մեր կողմից՝ փշալարերը դրած են». Սամվել Ավետիսյան

Տնտեսագիտության դոկտոր, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ մի քանի հարցադրում հնչեցրեց, որոնք վերաբերում են ագրարային ոլորտի զարգացմանը: Նա կանգ առավ, իր իսկ բնորոշմամբ, չօգտագործված հնարավորությունների վրա: Խոսքը սահմանամերձ բնակավայրերում կյանքի ակտիվացման մասին է:

Ըստ տնտեսագետի՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ ունի 280 կմ սահման, և այդ սահմանում կան բազմաթիվ բնակավայրեր: Դրանցից հատկապես ծանր վիճակում են Շիրակի բնակավայրերը: Եվ դրա պատճառը ոչ թե ներքին հնարավորություններն են, այլ օրենքները: Դրանցից մեկը՝ «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքն ընդունվել է 1990-ականն թվականներին, սակայն սահմանային ռեժիմ, սահմանային տարածք ու սահմանային շերտ հասկացությունները նույնությամբ պահպանվում են: Նշվում է, որ 5 կմ խորությամբ տարածքը սահմանային շերտ է: 1 կմ-ը սահմանային գոտի է: 140 հազար հեկտար տարածք միայն Թուրքիայի սահմանով գտնվում է սահմանային ռեժիմի տակ, իսկ դա որոշակի սահմանափակումներ է դնում տնտեսական գործունեություն իրականացնելու առումով: Օրինակ, Նորշեն՝ նախկին Խարկով գյուղը տուրիզմի զարգացման պոտենցիալ տեղ է, սակայն այնտեղ մտնելու սահմանային ռեժիմները շատ խիստ են:

«Եվ երկրորդ՝ այդտեղ է Ախուրյանի ջրամբարը: Թուրքական կողմը լավ օգտագործում է այդ ջրամբարը: Մեր կողմից՝ փշալարերը դրած են, մոտենալու իրավունք չկա, ի՞նչն է այնպես վտանգավոր, որ այդպիսի խիստ ռեժիմ ենք դրել: Մինչդեռ կարելի է այդտեղ և՛ տարածքները զարգացնել, և՛ տուրիզմը»,- նշեց Ս. Ավետիսյանը և առաջարկեց վերանայել օրենքը: