Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Անգամ մեկ ցուցմունքը կարող է քրեական գործում հեղաշրջում իրականացնել». Արսեն Այվազյան

537
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 14:00
«Անգամ մեկ ցուցմունքը կարող է քրեական գործում հեղաշրջում իրականացնել». Արսեն Այվազյան

«Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ». սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։

Ճշգրտող հարցին, թե դրանք նախկինում թաքցրած տեղեկություննե՞ր են, Ա. Այվազյանը փակագծեր չբացեց: Միայն նշեց, որ նախաքննությունը շարունակելու հիմքը եղել է Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությունը: Ըստ Այվազյանի՝ առհասարակ քրեական գործերում անգամ մեկ ցուցմունքը կարող է գործում չակերտավոր հեղաշրջում իրականացնել:

«Մենք նաև ուսումնասիրում ենք նոր տվյալներն արդեն իսկ դրված «Էլարդի» եզրակացության հետ, և եթե ի հատ գան լրացուցիչ հարցեր, որոնք մասնագիտական բնույթ են կրում, քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ հնարավորություն ունենք նշանակել լրացուցիչ փորձաքննություն, կամ՝ կրկնակի փորձաքննություն: Չեմ բացառում, որ նոր կամ կրկնակի փորձաքննություն չլինի»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

«Մենք քննում ենք մի գործ, որն իր ծավալով ու բարդությամբ նախադեպը չունի»,- ընգգծեց Ա. Այվազյանը: Նրա վկայությամբ՝ նոր անձանց են հարցաքննել, առաջիկայում ևս մի քանիսը կհարցաքննվեն, նախկինում չեն հարցաքննվել: «Մենք պետք է կատարենք լրացուցիչ և հարցաքննություններ, և քրեադատավարական գործողություններ»,- նշեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: