Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Նախարարությունը նոր ՇՄԱԳ ունենալու հարցը տանում է դեպի փակուղի»․ Արթուր Գրիգորյան

800
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 22:35
«Նախարարությունը նոր ՇՄԱԳ ունենալու հարցը տանում է դեպի փակուղի»․ Արթուր Գրիգորյան

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Վերջապես կարդացի բնապահանության նախարարության կողմից վարչապետին ուղղված գրությունը՝ Ամուլսարի շահագործման համար նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ ու հասկացա, որ հարցը վերջնականապես տանում են փակուղի: Այս գրության մակերեսային դիտարկումից կարելի է ենթադրել, թե նախարարությունը վեր է հանել խախտումներ, որոնց հիման վրա ընկերությանը կարող է նոր ՇՄԱԳ իրականացնելու պահանջ ներկայացվել: Նախ, կառավարությունը չի կարող ընկերությանը նման պահանջ ներկայացնել, կառավարությունը կարող է միայն ուժը կորցրած ճանաչել ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ին իր տված փորձաքննական եզրակացությունը, որից հետո ընկերությունը կորոշի՝ իրականացնե՞լ նոր ՇՄԱԳ, թե՞ այլ կերպ վարվել: Այսինքն, միակ իրավական գործողությունը, որ մտնում է կառավարության լիազորությունների մեջ, իր տված փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելն է:

Վարչապետին ուղղված գրության վերջում նշված է, որ առաջարկում են բնապահպանական տեսչությանը հանձնարարել Ամուլսարում իրականացնել ստուգում՝ հիմք ընդունելով գրության մեջ նշված հանգամանքները: Վարչապետն էլ իր հայտնի լայվում ասաց, որ դրա հիման վրա տեսչությանը տվել է հանձնարարական ստուգում իրականացնելու: Հիմա ուշադիր՝ այսպիսի հանձնարարականի պարագայում տեսչությունը պարտավոր է դուրս չգալ նշված կետերի շրջանակներից և այլ հարցեր ևս ստուգել, մինչդեռ տեսչությունը չունի լիազորություն ստուգում իրականացնելիս անդրադառնալ նշված կետերից որևէ մեկին: Տեսչությունը ստուգումներ է իրականացնում կառավարության որոշմամբ հաստատված և ստուգումների համար հիմք հանդիսացող ստուգաթերթերի միջոցով և ստուգում իրականացնելիս կարող է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք ներառված են ստուգաթերթում: Նախարարության ներկայացրած 13 կետերից ոչ մեկը չի կարող հաստատվել տեսչական ստուգմամբ, քանի որ մետաղական հանքավայրերին վերաբերող ստուգաթերթի 53 կետերից և ոչ մեկը չեն վերաբերում նախարարության ներկայացված հարցերին: Սրանով խնդիրը վերջնականապես մտցվեց իրավական փակուղի, որ հետո ասեն, թե հարցը լուծելու իրավական մեխանիզմ չկա:

Հիմա քայլ առ քայլ բացատրեմ՝

1. Նախարարությունը մասնագիական եզրակացություններ տրամադրելու նպատակով տարբեր գերատեսչություններին (տեքստում երևում են միայն ԱԻՆ-ի մեկ ՊՈԱԿ-ի և կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի անվանումները) և գիտությունների ակադեմիային է ուղարկում ELARD-TRC իրականացրաց փորձաքննության տվյալները, ինչպես նաև ուսումնասիրում է Լիդիանի կայքը ու վերջինիս համար ՇՄԱԳ մշակած երկու ընկերությունների կայքերը: Գրության տեքստից հետևում է, որ նախարարությունն ունի մեկ սեփական դիտարկում առ այն, որ 2016թ. իրականացված և փորձաքննության ենթարկված ՇՄԱԳ-ից հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ, որոնցում արտացոլված տվյալները տարբերվում են փորձաքննության ենթարկված ՇՄԱԳ-ի տյալներից (12-րդ կետ): Ինչպիսի՞ բացահայտում: Այս հարցը բազմիցս քննարկվել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում, որոնք ես հաշվետվությունների տեսքով ներկայացրել եմ կառավարությանը դեռ նախորդ տարվա աշնանը: Խմբի անդամներից ՝ Լևոն Գալստյանի տված եզրակացության մեջ, օրինակ՝ նշված է փորձաքննական դրական եզրակացությունը ստանալուց հետո ընկերության իրականացրած շուրջ երեք տասնյակ նոր ուսումնասիրությունների մասին: Հիշեցնեմ, որ նշված աշխատանքային խմբում ներգրավված մասնագետների տված կարծիքների ու եզրակացությունների հիման վրա կառավարությունը ոչ մի գործողություն չի կատարել:

2. Նախարարության կողմից վարչապետին ներկայացված տվյալները վերաբերում են ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ի տարբեր մասերում ելակետային տվյալների սխալ հաշվարկներին՝ ջրերի որակի մոդելավորման ընթացքում երկաթի և ալյումինի կոնցենտրացիաների սխալ հաշվարկին, ոչ ճշգրիտ կլիմայական բնութագրերին և գոլորշիացման ցուցանիշներին, քամիների ուժգնությանը, Արփա-Սևան ջրատարի վրա և Արփա գետի վրա ջրաչափական դիտակետերի առկայության հարցին, որոնք ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում նշվել էր, թե չեն հայտնաբերվել (1-8-րդ կետեր): Նշված են նաև այդ տարածքում որոշ դիտարկումներ վտանգավոր օդերևութաբանական երևությթների ավելացման, տարածքում առկա մի վտակի մասին, որը վարարելու դեպքում կարող է ընդերքոգտագործման թափոններով աղտոտել Կեչուտի ջրամբարը, սեյսմիկ հաշվարկներ անելիս որոշ թերացումներ (9-11-րդ կետեր): Թերևս ամենահետաքրքիրը 13-րդ կետն է, որտեղ նշված է, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն «փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում» եզրահանգում է արել, որ ՇՄԱԳ-ի մաս կազմող «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի:

3. Արձանագրենք, որ բացառությամբ 12-րդ կետի (ՇՄԱԳ-ը հաստատելուց հետո նոր փաստաթղթերի մշակում՝ այլ հաշվարկներով), մնացած բոլոր հարցերը վերաբերում են ընկերության մշակած նախագծին և ՇՄԱԳ-ին, որը ներկայացվել է պետական բնապահպանական փորձաքննության և ստացել դրական փորձաքննական եզրակացություն:

Այս կետերից առանց բացառության բոլորը վերաբերում են ընկերության ներկայացրած նախագծային փաստաթղթերում ներառված և պետական մեկ այլ մարմնի՝ բնապահպանության նախարարության կողմից տրված փորձաքննական եզրակացությամբ արդեն իսկ գնահատված հարցերին, որոնք տեսչությունը իրավասու չէ վերագնահատելու: Իսկ փորձաքննական եզրակացությունը տրամադրելուց հետո ընկերության կազմած այլ փաստաթղթերը օրենքի իմաստով չեն հանդիսանում «նախագծային փաստաթղթեր» և տեսչությունը չի կարող դրանց վերաբերյալ «ստուգում» իրականացնել, քանի որ, ինչպես ասացի, ստուգաթերթում այդպիսի փաստաթղթերն ուսումնասիրելու վերաբերյալ պահանջ, հետևապես և լիազորություն չկա»: