Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ո՞ր բանական էակը կցանկանա բուժվել ցիանիդի օգտագործմամբ ոսկի կորզող հանքի հարևանությամբ». Կ. Փաշոյան

296
Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ., 20:20
«Ո՞ր բանական էակը կցանկանա բուժվել ցիանիդի օգտագործմամբ ոսկի կորզող հանքի հարևանությամբ». Կ. Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաջարանի և Ջերմուկի միջև համամետության եզրեր անցկացնողները, կարծում եմ՝ ազնիվ չեն կամ էլ չունեն համապատասխան գիտելիքներ։
Քաջարանը հանքի շնորհիվ և հանքի շուրջն ի հայտ եկած քաղաք է։ Նրա կեցությունն ու ընդհանրապես ամբողջ բովանդակությունը պայմանավորված են հանքի լինելիությամբ։ Իհարկե, պետք չի կարծել, թե սա հավերժ կարգավիճակ է։ Ինչ-որ մի օր քաջարանցիները պետք է ազատագրվեն իրենց դանդաղ մահ պարգևող հանքի կապանքներից։

Իսկ ո՞րն է Ջերմուկի կեցության և բովանդակության առանցքային մեխը։ Ջերմուկն ի հայտ է եկել որպես քաղաք-առողջարան, իսկ վերջին 20 տարիներին դրան ավելացել է նաև զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակը։ Ահա այս երկու գաղափարներն են դրված քաղաքի հիմքում։ Եթե Ջերմուկը զրկվի իր առողջարանի ու զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակներից, ապա նրա գոյությունը կիմաստազրկվի և որոշ ժամանակ անց կփոխակերպվի ուրվականների քաղաքի։ Կա՞ աշխարհում այնպիսի բանական էակ, որը կցանկանա բուժվել ու հանգստանալ ցիանիդի օգտագործմամբ ոսկի կորզող հանքի հարևանությամբ։ Բարձրացված աղմուկի ու դիմադրության պայմաններում զբոսաշրջիկների մասին ապագայում կարող եք մոռանալ»։