Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սա ցույց է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը». Արման Բաբաջանյան

433
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 01:05
«Սա ցույց է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս, մինչ մենք դեռ այսքան բուռն չէինք քննարկում ՝ Ամուլսարը հանք կդառնա, թե կմնա սար, հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել քրեական հեղինակություն Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու՝ Դավիթ Սեդրակյանի հիմնադրած ընկերության նախագծին, որը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է եզրակացությունը:

Մեկ այլ զավեշտալի լուր՝ Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայտնի է, որ չնայած պոչամբարի վնասված պատվարի մասին բազմաթիվ ահազանգերին հուլիսի 1-ից վերսկսել է գործել Թեղուտի հանքավայրը։

Իշխանությունը ինտենսիվ կերպով ջանում է վերաբացել Ալավերդու պղձաձուլարանը։

Սյունեցիները չեն հասցնում ուշքի գալ տարածաշրջանի էկոլոգիական աղետից, իսկ Քաջարանի կոմբինատը աշխարհի խոշորագույն պոչամբարերից մեկի՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման մասին է մտածում։ Քննարկվում է ընդհուպ երկրորդ պոչամբարի կառուցման հնարավորությունը։

Ամուլսարի վերաբերյալ թերի, կեղծ և հնարավոր կոռուպցիոն բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում հօգուտ Լիդիանի Հայաստանի կառավարության տրամադրվածությունը լուրջ անհանգստանալու առիթ է։

Այսու, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից։

Սա ցույց է տալիս Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը: Տնտեսության թշվառությունն ընդամենը այդ մտքի թշվառության հետևանքն է: Դիվերսիֆիկացիայի, նորարարության, ինովացիաների, տեխնոպարկերի և այլ երևույթների մասին տերմինաբանական անգիրները, որ պարբերաբար արտասանում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրական կյանքում վերածվում են պարզ առուծախի:

Ցավալիորեն, ահա այն, ինչը Հայաստանում համարվում է մտքի արգասիք հանդիսացող տնտեսական նոր քաղաքականություն»: