Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն թարգմանված ֆիլմերի սխալների մասին

829
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 23:15
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն թարգմանված ֆիլմերի սխալների մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Ի՞նչ հայերեն են ներկայացնում թարգմանված ֆիլմերը: Այս անգամ խոսում ենք պատմական ֆիլմերի մասին: Եվ դարձյալ՝ մեր բարեկամ «Եթեր» թերթում: «ՊԱՏՄԱԿԱՆ» ՍԽԱԼՆԵՐ

Մենք շարունակում ենք հայկական հեռուստաեթերի գրավիչ առաջարկներից մեկի՝ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունը: Այս անգամ նշանակետում պատմական թեմայով գեղարվեստական ֆիլմերն են: Հետաքրքիր կլիներ, ասենք, ֆրանսիական, իսպանական, իտալական, վրացական ֆիլմերի՝ բնագրից արված թարգմանություններ լսել: Բայց հայկական եթերի ցուցափեղկում հիմնականում հոլիվուդյան ֆիլմեր են, որոնք, սխալներից դատելով, թարգմանված են միջնորդ լեզվից՝ ռուսերենից: Թեև դժվար է ասել. թարգմանիչների մեղքով ռուսերենից անցած լեզվական սխալներն արդեն այնքան են տարածվել, որ ինքնակոչի վստահությամբ հայտնվում են անգամ ճապոներենից թարգմանված հայերենում: Սկսենք հենց Ճապոնիայի մասին պատմող մի ֆիլմից՝ «Վերջին սամուրայը»:
«Տղա՛ս, տեսե՞լ ես՝ ի՛նչ կարող է անել հրացանը մարդու հետ», «Զորքերի հետ ի՞նչ եղավ: Բոլորը զոհվեցի՞ն», «Ես տեսել եմ՝ ինչ եք անում ձեր ախոյանների հետ», «Կապիտա՛ն, մելոդրամատիկ դերերը մոտդ լավ են ստացվում», «Ճապոնիայի կայսերական զորքը պահանջում է, որպեսզի հանձնվեք»:
Առաջին աշտարակաշինությունից սկսած՝ լեզուներն օգտվում են իրարից, փոխհարստացնում միմյանց: Բայց դա անում են միայն կարիքի՛ դեպքում, երբ լեզվում չկա այս կամ այն բառը, հարմար կաղապարը: Հարգելի՛ թարգմանիչներ, բառարա՛ն բացեք ու նայե՛ք, թե ի՛նչ են նշանակում «հետ» և «մոտ» բառերը: Ազատե՛ք ձեր թարգմանած տեքստն այդ բառերից ու կտեսնեք, որ այդ նախադասությունները դրանց կարիքը չունեն: «...Ի՞նչ կարող է անել հրացանը մարդուն», «Զորքերն ի՞նչ եղան», «...ինչ եք անում ձեր ախոյաններին»: Կամ՝ «Կապիտա՛ն, մելոդրամատիկ դերերը լավ ես խաղում»: «Հետ» և «մոտ» կապերի անհարկի ներկայությունը կա մեր ուսումնասիրած գրեթե բոլոր ֆիլմերում: «Տե՛ս, Հեկտորն ի՛նչ արեց մեզ հետ»: («Տրոյա»): Այս ավելորդ հետ-ը ռուսերենի с կապի (что он сделал с тобой) պատճենումն է: «Մոտ» կապի խնդիրն էլ նույնն է (у тебя получается): Ռուսերենի կաղապարները թարգմանվելու փոխարեն տեղափոխվել են մեր լեզու:
Նույնն է և «որպեսզի» շաղկապը որ-ի փոխարեն գործածելու խնդիրը: Վերևում նշված «Պահանջում է, որպեսզի հանձնվեք»-ը, ինչպես նաև «Օսմանյան կայսրությունը կամենում է, որպեսզի իր սահմանները ձգվեն մինչև Միջերկրական օվկիանոս», «Հրաման է եկել Ստամբուլից, որպեսզի ոչ մեկի չխնայենք» («Խոստում»), «Հորաքույրս խորհուրդ է տվել, որպեսզի չշտապեմ» («Երիտասարդ Վիկտորիան») նախադասություններում որպեսզի-ն հայերեն չէ, ռուսերեն чтобы-ն է (նաև՝ ոչ թե ոչ մեկի, այլ ոչ ոքի): Նշված բոլոր դեպքերում ճիշտ է գործածել «որ» շաղկապը: Հիշենք, որ մեր որպեսզի-ն պատասխանում է ինչու, ինչ նպատակով, ինչի համար, այլ ոչ ինչ հարցերին:
«Ագորա» ֆիլմի հերոսը «Ի՞նչ ես անում» հարցին պատասխանում է. «Իսկ դու ինչպե՞ս ես կարծում․ ես աղոթում էի»: А как ты думал? Այս նախադասության как բառը, ճիշտ է, թարգմանվում է «ինչպես», բայց ո՛չ այս դեպքում: Այստեղ ճիշտ է «ի՞նչ ես կարծում»:
«Ուրախ եմ քեզ տեսնել այստեղ», «Ուրախ եմ ծանոթանալ» («Խոստում»), «Ուրախ եմ քեզ տեսնել» («Եգիպտոսի աստվածները»), «Ուրախ եմ ծանոթանալ» («Երիտասարդ Վիկտորիան»): Շարքը կարելի է շարունակել: Սրանք հայերեն նախադասություններ չեն: «Ուրախ եմ, որ քեզ տեսա», «Ուրախ եմ, որ ծանոթացանք», «Ուրախ եմ մեր ծանոթության համար» և այլն: Այ հիմա թարգմանվեցին այս նախադասությունները:
Եգիպտական աստվածների ժամանակներում հայերենը հաստատ ռուսերենի ազդեցությունը չէր կրում, և ոչ ոք «խնդիրն այն չէ»-ի փոխարեն ռուսերենի նմանողությամբ չէր ասում «խնդիրը դրանում չէ»՝ проблема не в том («Եգիպտոսի աստվածները»): Վիկտորիա թագուհին էլ, եթե հայերեն խոսեր, երբեք չէր ասի «Խնդիրը նրանում է, որ պալատի տաքացման հարցով լորդ Սթյուարդն է զբաղվում» կամ «Ամբողջ խնդիրը նրանում է, որ լորդ Մելբուռնը կրկին վարչապետ է» («Երիտասարդ Վիկտորիան»): Այլ կերպ կասեր:
«Զորքի կեսին ուղարկեք, մնացածին ավելի ուշ կուղարկենք»,-ասում է հույն նահանգապետը՝ 4-րդ դարում («Ագորա»): Լորդ Մելբուրնն էլ 19-րդ դարում ասում է. «Ես ավելի ուշ կներկայացնեմ պալատական կանանց ցանկը» («Երիտասարդ Վիկտորիան»): Այս ավելի ուշ-ը ռուսերեն попозже-ն է և վերջին շրջանում (մեր թարգմանիչները կասեին՝ ավելի ուշ) է սողոսկել մեր խոսք: Այս նախադասություններում այն պետք է թարգմանվեր «հետո»:
Եվ ահա բազում անգամ քննադատված «հոգ տանել... մասին»-ը, որը ռուսերեն заботиться о ком-то-ն է: Սա էլ վերջին շրջանի «թարգմանություններից» է և իր կենսունակությամբ հավակնում է նախորդների նման «պատմական» դառնալ: Այդ գործում այս սխալին հաստատ կօգնեն պատմական թեմաներով հայերեն թարգմանված ֆիլմերը. «Մենք իրար մասին հոգ կտանենք, այնպես չէ՞» («Երիտասարդ Վիկտորիան»), «Հո՛գ տար տիրոջդ մասին, պաշտպանի՛ր նրան», «Ահա թե ինչու պիտի հոգ տանենք գրադարանի մասին» («Ագորա»): Մենք չենք հոգնի ու անընդհատ կկրկնենք, որ հայերենում հոգ են տանում «համա», այլ ոչ «մասին»: Կամ էլ առանց համար-ի, «հոգ տանել նրան» և այլն:
«Տրոյա» ֆիլմում Հեկտորը կնոջը ցույց է տալիս, թե վտանգի պահին ինչպես պիտի անցնի գաղտնի ճանապարհով: Վերջում Հեկտորը կնոջը հարցնում է. «Ճանապարհը հիշեցի՞ր»: Բայց չէ՞ որ կինն այդ ճանապարհն առաջին անգամ էր տեսնում: Թարգմանիչն այստեղ բայի ժամանակը չէ, որ շփոթել է (ճանապարհը կհիշե՞ս), այլ «թարգմանել է» ռուսերեն запомнить բառը, որը ոչ միայն հիշել, այլև մտապահել է նշանակում, և հենց այս երկրորդ տարբերա՛կն էր պետք գործածել ֆիլմում:
Մենք մասամբ ներկայացրինք մեր ուսումնասիրած ֆիլմերում տեղ գտած օտարաբանությունները: Հաջորդ անգամ կանդրադառնանք այս ֆիլմերի «տեղական» սխալներին»: