Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «դա» դերանվան սխալ գործածության մասին

378
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 20:25
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «դա» դերանվան սխալ գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. ««ԴԱ» դերանվան սխալ գործածության մասին.

«Ընկերությունն առաջին հերթին ԴԱ հավատարմություն է»: «Սերը ԴԱ այն զգացմունքն է, որ կապում է երկու սրտեր»:
«Համացանցը ԴԱ այն կապն է, որ ապահովում է մարդկանց արագ հաղորդակցությունը»:
Կարելի է բերել «ԴԱ» ցուցական դերանվան «մասնակցությամբ» սխալների այսպիսի բազում օրինակներ: Սխալի պատճառը ռուսերենից բառացի թարգմանությունն է (любовь это..., интернет это... և այլն), հայերենում ճիշտ չէ գործածել ենթակային կրկնող դերանուն: Եկե՛ք խուսափենք այս մակաբույծ «ԴԱ»-ից և խոսենք ճիշտ.
«Ընկերությունն առաջին հերթին հավատարմություն է»: «Սերն այն զգացմունքն է, որ կապում է երկու սրտեր» կամ «Սերը երկու սրտեր կապող զգացմունք է»: «Համացանցն այն կապն է, որ ապահովում է մարդկանց արագ հաղորդակցությունը» կամ «Համացանցը մարդկանց արագ հաղորդակցությունն ապահովող կապն է»»: