Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իջևանում տեղի ունեցածը միայն անտառի լինել-չլինելու հարց չի». Արմեն Մինասյան

366
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 05:40
«Իջևանում տեղի ունեցածը միայն անտառի լինել-չլինելու հարց չի». Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անտառները պետք է պահպանվեն, խստորեն պահպանվեն։ Էստեղ երկու կարծիք չկա։ Համատեղ պետք է գտնենք լուծումներ, որոնց շնորհիվ իրենց հանապազօրյա հացը քոլի հետ կապած տավուշեցիները, լոռեցիներն ու սյունեցիները հոգան կա՛մ առանց անտառի, կա՛մ առանց անտառը կտրելու։ Կրկնում եմ, երկու կարծիք չկա։

Բայց, Իջևանում տեղի ունեցածը միայն անտառի լինել-չլինելու հարց չի։ Դա իրավական պետության ճանապարհին շատ մեծ փորձություն ա։ Մասնավորեցնեմ։

Անկախ այն հանգամանքից, որ իջևանցիների մի մասը եղել է ագրեսիվ, միևնույն է՝ ես բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ եմ տեսել, որտեղ քաղաքացիները կապտուկներով են։ Ըստ որում՝ «սովետական միլիցիայի» գործունեությանը բնորոշ ծեծի հետքերով։

Ու մեր երազած Հայաստանը կառուցելու համար, ես անհրաժեշտ եմ համարում, որ ոչ միայն լուծվի անտառի պահպանության խնդիրը, այլև.

1. Առնվազն կարգապահական սանկցիաներ կիրառվեն այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մի պահ մոռանալով, որ պետություն են ներկայացնում, բիլակներին որոշակի ազատություն են տվել։

2. Քաղաքացիական հասարակության այն հատվածը, որ իրեն հռչակել է իրավապաշտպան, դադարի լռել կամ կողմերից մեկի դատապաշտպան խաղալ ու տա հստակ, օբյեկտիվ գնահատականներ ու օժանդակություն։

3. Սփյուռքի այն հատվածը, որ տարիներ շարունակ լացակումած կաճապարեր դժգոհություն հայտնել հայրենիքի կոռումպացվածությունից, դուրս գա նիրհից ու հիշի, որ հայրենիքը ո՛չ Սերժն ա, ո՛չ Նիկոլը, ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ ցեղասպանությունը։ Հայրենիքը մարդիկ են՝ իրենց իրավունքներով։

4. Կառավարության տնտեսական ու տարածքային կառավարման բլոկները համակարգողները փորձեն շուտափույթ մշակել համայնքների զարգացման էֆեկտիվ ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն սեփական համայնքում սեփական սոցիալական ու մյուս խնդիրները լուծել՝ առանց լոկալ, ազգային ու գլոբալ անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու։

Ժողովուրդ ջան, ուզում եմ ճիշտ հասկանանք։ Ծովագյուղցուն համոզել, որ ինքը ձուկ չպետք ա բռնի, մի քիչ բարդ ա։ Դրա համար նախ պետք ա ծովագյուղցիների համար կենցաղային, սոցիալական, տնտեսական, մշակութային լրիվ այլ միջավայր ձևավորել։
Բնականաբար, նույնը իջևանցուն՝ անտառի պահով»