Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իմ ստատուսի հրապարակումից հետո ստացել եմ հրավեր՝ այցելելու Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ». Լ. Զուրաբյան

431
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 17:00
«Իմ ստատուսի հրապարակումից հետո ստացել եմ հրավեր՝ այցելելու Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ». Լ. Զուրաբյան

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ցիկլոտրոնի գործարկման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ իմ ստատուսի հրապարակումից հետո ստացել եմ հիմնարկի փոխտնօրեն Gevorg Karyan-ի հրավերը՝ «այցելելու Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ)»։ Հրավերի մեջ (ամբողջությամբ տե՛ս ստատուսիս ստորև մեկնաբանություններում) մասնավորապես ասված է. «Սիրով հրավիրում ենք տեղում ծանոթանալու վերջին մեկ տարում կատարված աշխատանքներին։ Կարծում եմ՝ դա հնարավորություն կտա ծանոթանալու իրական պատկերի հետ հենց տեղում և լավ առիթ կհանդիսանա հանդիպելու և լսելու այլ կարծիքներ նույնպես»։

Պարոն Karyan, սիրով ընդունում եմ հրավերը։ Այցելությունս ավելի իմաստալից դարձնելու համար առաջարկում եմ «վերջին մեկ տարում կատարված աշխատանքներին ծանոթանալուց» հետո գիտական քննարկումների անփոխարինելի վայրում՝ երրորդ հարկի սեմինարների դահլիճում կազմակերպել ինչպես ցիկլոտրոնի, այնպես էլ ընդհանրապես Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ կապված խնդիրների քննարկում, հրավիրելով մասնակցելու ինստիտուտի բոլոր շահագրգիռ գիտնականներին։ Վստահ եմ, որ հակադրելով երկկողմ փաստարկները, կշարժվենք դեպի ճշմարտության հաստատումը մեզ և հանրության համար։

Այս ստատուսով դիմում եմ նաև Ազատություն ռադիոկայանին, որը հուլիսի 13-ին հրապարակել է «Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը գործարկվել է» նյութը, որը թյուրիմացաբար տեղեկացնում է, թե իբր «Ծանր ու երկարատև դադարից հետո վերջապես գործարկվել է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը»։ Իրականում դեռ խորհրդային տարիներին Ալիխանյանի ղեկավարությամբ սարքված 6 Gev (վեց միլիարդ Էլեկտրոն֊վոլտ) եներգիայով մեծ արագացուցիչը, որն ուներ մի քանի տասնյակ մետր տրամագիծ և այն ժամանակ իսկապես գիտատեխնիկական նվաճում էր, վերջին անգամ գործարկվել է 2000-ների սկզբին ու առ այսօր գտնվում է կոնսերվացված վիճակում:

Այն, ինչ գործարկվել է հունիսի 21-ին, ընդամենը բժշկական սարքավորումներ արտադրող աշխարհում առաջատար IBA ընկերության ստանդարտ արտադրանքի ցիկլոտրոն է, որն ունի ընդամենը մոտ 2 մետր տրամագիծ, գնվել է մոտ $5 միլիոն դոլարով և ունի շատ համեստ 18 Mev (տասնութ միլիոն էլեկտրոն֊վոլտ՝ մեծ արագացուցիչից 333 անգամ ավելի թույլ) եներգիայի պրոտոնների փունջ: Այդ սարքի գործարկումը տեղի է ունեցել նշված ֆիրմայի կողմից, մաս կազմելով նրա պարտավորությունների ստանդարդ փաթեթին։ Հետևաբար, սարքի գործարկումը որպես նվաճում ներկայացնելը նույնն է, թե ինչ որ մեկը լուրջ անձնական նվաճում ներկայացներ իր տանը Bosch լվացքի մեքենան առաջին անգամ միացնելը Զիգզագ ֆիրմայի օգնությամբ: Ազատություն ռադիոկայանին բարեկամաբար կխնդրեի փոխել ե՛ւ վերնագիրը, ե՛ւ առաջին նախադասությունը, որպեսզի մեր հանրության մոտ որևէ թյուրիմացություն չառաջանա, թե գործ ունենք ինչ-որ լուրջ նվաճման հետ: Նվաճման մասին կարելի կլիներ խոսել, եթե Համաշխարհային Բանկի վարկի հաշվին ձեռք բերված և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի միջոցներով գործարկված այդ սարքը հնարավոր լիներ օգտագործել կոմերցիոն հիմնավորվածություն ունեցող որևէ պրոեկտում, ինչը թույլ կտար աստիճանաբար հետ վճարել հարկատուներիս ուսերին ծանրացած վարկային պարտքը։ Սակայն նույն հրապարակման մեջ մենք Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ղեկավար Ռոստոմյանից տեղեկանում ենք, որ առայժմ նման որևէ լուրջ հեռանկար չկա (տ՛ես կցվող նյութը մեկնաբանություններում)։ Հետևաբար, այս պահին մենք գործ ունենք ոչ թե նվաճման, այլ պետական միջոցների խոշոր մսխման հետ։

Հույսով եմ, այս մասին էլ կխոսենք Երևանի ֆիզիկայի ինստիտուտւմ մեր հանդիպման ժամանակ։ Խնդրում եմ այդ ազգանպաստ գործի համար նշանակել հարմար օր և ժամ այս կամ գալիք շաբաթ»։