Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

«Կառավարությունը տրամադրված է հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը». Դ. Անանյան

115
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 15:55
«Կառավարությունը տրամադրված է հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը». Դ. Անանյան

Կառավարությունում ներմուծվող մեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգելու հարցի շուրջ քննարկումներ կան. այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում:

«Այդպիսի քննարկումներ գնում են, չէի ասի, որ դրանք ակտիվ են: Երբ մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների գծով բացառում ենք վերցրել, որոնք աստիճանաբար սպառվում են: 2022թ. հունվարի 1-ից բոլոր բացառությունները սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020թ. հունվարի 1: Մենք նախապես բանակցել ենք և 5 տարով հետագձել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք՝ կրկին հետաձգելու առումով: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում: Բայց ես չգիտեմ, թե դրանք հաջողությամբ կպսակվե՞ն, թե ոչ».-լրագրողների հետ զրուցում ասել է ՊԵԿ նախագահը՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է, որ ներմուծվող մեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգվի:

Ճշտող հարցին, թե մեքենաների պարագայում հնարավոր համարո՞ւմ է ԱԱՀ-ի իջեցումը՝ 20 տոկոսից 10 տոկոսի, ՊԵԿ նախագահը դրա հնարավորությունը չբացառեց, սակայն կան մեքենաներ, որոնց մաքսատուրքը կարող է բարձրանալ մինչև 48 տոկոս, հետևաբար, ԱԱՀ իջեցումը չի կարող սպասված արդյունք տալ:

Դավիթ Անանյանը նշել է, որ ինքը բանակցություններին չի մասնակցում, իսկ ՊԵԿ-ն էլ վերոնշյալ հարցում նախաձեռնողի դեր չի ստանձնի, որովհետև այն վարչարարություն իրականացնող մարմին է: Կան պատկան մարմիններ, որոնք համընդհանուր կոնսենսուսի պարագայում կարող են այդ փոփոխությամբ հանդես գալ: