Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Ի՞նչ փուլում է Ամուլսարի հարցը և ինչո՞ւ է երկարում իրականացված փորձաքննության թարգմանության գործընթացը

103
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 12:05
Ի՞նչ փուլում է Ամուլսարի հարցը և ինչո՞ւ է երկարում իրականացված փորձաքննության թարգմանության գործընթացը

ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս մայիսի 31-ին հայտնել էր, որ ստացվել է Ամուլսարի համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը և այժմ այն թարգմանության փուլում է:

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց, թե ի՞նչ փուլում է և ինչո՞վ է պայմանավորված փորձաքննության թարգմանության գործընթացի երկարումը:

«Դա քրեական գործի շրջանակներում ՔԿ-ի կողմից փորձագիտական եզրակցություն ստանալու հետ կապված փորձաքննությունն էր և նախարարության կողմից տրամադրված փորձաքննական գործընթացների հետ չի առնչվում: ՔԿ-ն մայիսի վերջին ներկայացրել է նախնական հաշվետվությունը, հունիսին նաև եղել են այցեր, այդ հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչներին: Այս ամբողջ գործընթացին ներգրավված է նաև «Լիդիան» կազմակերպությունը, և այդ աշխատանքներն իրականացնում է Քննչական կոմիտեն, եթե թարգմանության հետ կապված կան ինչ-որ հետաձգումներ, ապա այդ տեղեկատվությունը ես չեմ կարող մեկնաբանել»,-հայտարարեց շրջակա միջավայրի նախարարը:

Թունյանը դիտարկեց, որ ՔԿ-ն գործի զուտ տեխնիկական մասն է իրականացնում, բայց հարցի բուն հասցեատերը հենց շրջակա միջավայրի նախարարությունն է՝ Գրիգորյանի գլխավորությամբ:

«Հիմա մենք ուզում ենք պարզել, թե այդ կազմակերպությունը բնությանը անթույլատրելի վնաս պատճառո՞ւմ է, թե՝ ոչ: Եվ քանի որ Դուք շրջակա միջավայրի համար եք պատասխանատու, հիմա ինձ հետաքրքիր է, այս մի տարվա հետաձգումը՝ տնտեսության վրա ունեցած իր բացասական ազդեցությամբ հանդերձ, որքանո՞վ է համադրելի այդ բնապահպանական վտանգի հետ, և եթե պարզվի, որ դրա բնապահպանական վտանգը ընդհանրապես չկար կամ ուռճացված էր, ապա ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ»,-հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան հարցին՝ նախարարը նշեց, որ հաճախ նաև չհիմնավորված տնտեսական որոշումներն են բերում շատ ավելի մեծ տնտեսական վնասների. «Արարատյան դաշտի ձկնաբուծարանների օրինակը շատ լավ օրինակ է, որ մի քանի տարի հրաշալի տնտեսական ցուցանիշներ ուներ, սակայն սխալ հաշվարկելու և չափից ավելի այդ ավազանից ջուրը վերցնելու պատճառով հիմա այդ վիճակում է»,-ասաց նախարարը՝ հավելելով որ ՀՀ օրենսդրությունը կտա հստակ մեկնաբանություններ՝ արդյոք որևէ մեկը իր արածի կամ չարածի համար պետք է պատասխան տա: