Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Պրոգրեսիվ հարկահանություն է գնում, որպեսզի կոմպենսացվեն եկամտահարկի համահարթեցման 27 միլիարդ դրամի վնասները»․ տնտեսագետ

383
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 12:05
«Պրոգրեսիվ հարկահանություն է գնում, որպեսզի կոմպենսացվեն եկամտահարկի համահարթեցման 27 միլիարդ դրամի վնասները»․ տնտեսագետ

Հարկային բարեփոխումներ, գույքահարկի բարձրացմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություն. այս հարցերի շուրջ է MAMUL.am-ը զրուցել «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանի հետ:

- «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի համաձայն՝ գույքը կադաստրային արժեքի փոխարեն հարկվելու է շուկայական գնին մոտ արժեքով, ինչի արդյունքում գույքահարկը պետք է ավելանա: Դա ըստ Ձեզ արդարացված և ճի՞շտ քայլ է:

- Ես նախագծի տպագիր տարբերակին ծանոթ չեմ, բայց դրա պատմությունից տեղյակ եմ: Իհարկե, այնտեղ ևս պրոգրեսիվ հարկահանություն է գնում, որպեսզի փոխհատուցվեն եկամտահարկի համահարթեցման 27 միլիարդ դրամի վնասները: Նախագծով պետք է կատարվի անշարժ գույքի վերագնահատում: Բնակարանները և հասարակական օբյեկտները գնահատված են կադաստրային արժեքով, որը բազմակի ցածր է իր շուկայական արժեքից: Օրինակ՝ իմ բնակարանի կադաստրային արժեքն այնքան ցածր է, որ ես 500 դրամ գույքահարկ եմ վճարում: Այդ դեպքում ես այն կարող եմ վաճառել 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գնով: Կարծում եմ, որ ճիշտ քաղաքականություն է վարվում իշխանությունների կողմից, դա անհրաժեշտ է: Բայց գույքի վերագնահատումից հետո պետք է անցնել պրոգրեսիվության սկզբունքին:

- Բայց եթե դա տնտեսական առումով ճիշտ եք համարում, արդյո՞ք ճիշտ եք համարում սոցիալական առումով:

- Լիովին: Դա համապատասխանում է միջազգային փորձին: Արտասահմանյան երկրների՝ թանկարժեք գույք ունեցող շատ հարուստների որդիներ, ովքեր ժառանգում են ապարանքներ, լինելով ոչ հարուստ, անիծում են իրենց ծնողներին, որ իրենց այնպիսի ժառանգություն են թողել, որ չեն կարողանում հարկերը վճարել: Այսինքն՝ դա մոտիվացիա է, որ հասարակական արժեք ստեղծվի, և ոչ թե վայելեն իրենց ծնողների գույքը: Դա ճիշտ է, գույքի ու եկամուտների վերաբաշխում է իրականացվում:

- Այստեղ չկա՞ այն հեռահար նպատակը, որ նրանք, ովքեր չեն կարողանա վճարել, կվաճառեն իրենց գույքը, կգնեն ավելի էժան գույք, ինչի արդյունքում անշարժ գույքի շուկան կաշխուժանա:

- Ես չեմ կարծում, որ կառավարությունը նման նպատակ ունի: Դա չի ազդի այն մարդկանց վրա, ովքեր կունենան այնպիսի գույք, որի համար վճարել չեն կարողանա: Այդ վտանգը չկա: Իսկ այն մարդը, ով շքեղ պայմաններում է ապրում, բայց հիմա չի կարողանում վճարել դրա համար, թող իր շքեղ բնակարանը վաճառի և ավելի համեստ պայմաններում ապրի: Ամբողջ աշխարհում է այդպես:

- Բայց չե՞ք կարծում, որ եթե գների բարձրացման դեպքում միջազգային փորձն է վկայակոչվում, նույնը պետք է արվի նաև նվազագույն աշխատավարձ սահմանելու պարագայում:

- Ճիշտ եք։ Հենց այդ համատեքստում էր մեր քննադատությունը եկամտահարկի համահարթեցված տարբերակին դիմելու հարցում։ Ես ինքս ներկայացրել եմ հարկային բարեփոխումների 3 օրինագիծ: Մենք դեմ ենք եկամտահարկի համահարթ տարբերակին, այդ հարկատեսակը պետք է հարկվի սանդղակային տարբերակով: Առաջին հերթին պետք է նվազագույն աշխատավարձը բարձրացնեինք մինչև 110 հազար դրամ և դրա հետ միասին կատարեինք գույքահարկի պրոգրեսիվ սանդղակավորում:Այժմ մինչև 3 միլիոն դրամ արժեք ունեցող գույքն ազատվում է հարկից, 40 միլիոն դրամի գույքը հարկվում է 1%-ի չափով: Այնուհետև սանդղակավորում է տեղի ունենում՝ մինչև 40 միլիոն դրամը: Սակայն 40 միլիոնից բարձր գույքը ևս հարկվում է1%-ով, հենց այստեղ է անարդարությունը: 40 միլիոն դրամը համարժեք է մոտավորապես 80 հազար ԱՄՆ դոլարին: Եթե ինչ-որ մեկը կարողանում է 80 հազար դոլարից բարձր արժողության բնակարան կառուցել, մի շարք օլիգարխներ մինչև 1 միլիոն դոլարի հասնող ապարանքներ են կառուցում, ինչն ի դեպ, կատարել են ապօրինի հարստացման ճանապարհով: Հետևաբար, նրանք պարտավոր են որպես շքեղության հարկ բարձր տոկոսադրույքով վճարել: Ես դա համարում եմ ապօրինի հարստացման դիմաց փոխհատուցում գույքահարկի ձևով: Մենք առաջարկել էինք 40 միլիոնից ավելի հարկային սանդղակը բարձրացնել 0,5 %-ով: Դա հնարավորություն կտար տեղական ինքնակառավարման մարմիններին բյուջետային մուտքեր ապահովել և կախված չլինել ֆինանսական համահարթեցման միջոցով բյուջետային փոխանցումներից:

Առայսօր երկրում չի գործում դեռևս 2004թ․ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը, որը պարտավորեցրել է պետությանը, մասնավորապես ֆինանսների նախարարությանը, որ ամեն տարի բյուջեի մեջ արտացոլվի ԱՎԾ (Ազգային վիճակարգրական ծառայության) հաշվարկած նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, և դրան համապատասխան սահմանվի նվազագույն աշխատավարձը, որի հիման վրա երկրում պետք է իրականացվի եկամտային, կենսաթոշակային, նպաստային քաղաքականություն։

14 տարի շարունակ նվազագույն աշխատավարձը մնացել է 55 հազար դրամի նիշին, չնայած նրան, որ գնաճ է տեղի ունեցել, և ինդեքսավորում պետք է արվեր։ Ընդ որում՝ ասեմ, որ ԱՎԾ-ն նվազագույն սպառողական զամբյուղը սխալ է հաշվարկում։ Այն ըստ մեր հաշվարկների՝ 110 հազար դրամ է։ Այս չափն էլ պետությունը պետք է հաստատի որպես նվազագույն՝ ընդ որում՝ չհարկվող աշխատավարձ, իսկ հարկումը սկսի դրանից բարձր աշխատավարձերի դեպքում։ Այս դեպքում կլինի իրական սոցիալական արդարություն։

- Այսինքն՝ դուք այս համատեքստում հարցի լուծում չեք համարում այն օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 63 հազար դրամ։

- Թող այդ նախաձեռնությունը ներկայացրած պատգամավորները հրաժարվեն իրենց 660 հազար դրամ աշխատավարձերից, ստանան 63 հազար դրամ ու ապրեն։