Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ըստ լուրերի՝ Ալեն Սիմոնյանը սերտ հարաբերությունների մեջ է «Վիվառո Գրուպ»-ի աշխատակիցների հետ». բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց

765
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 11:20
«Ըստ լուրերի՝ Ալեն Սիմոնյանը սերտ հարաբերությունների մեջ է «Վիվառո Գրուպ»-ի աշխատակիցների հետ». բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց

Ազգային ժողովի առաջ այսօր բողոքի ցույց են իրականացնում բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները. նրանք պահանջում են վերանայել իրենց ընկերությունների գործունեության սահմանափակման մասին նախագիծը և թույլ չտալ հարյուրավոր քաղաքացիներին դառնալ գործազուրկ:

Իրավապաշտպան Հայկազ Մակարյանը նշեց, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: «Մենք ասում ենք՝ եթե փակում եք, փակեք ամբողջ ցանցը, բայց ոչ թե կոնկրետ արտոնություն կամ հնարավորություն տաք մեկին: Հիմա, որ ասում են խաղամոլության վտանգ կա, ես ընդունում եմ՝ դա արատավոր բան է..»: Ապա դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց. «Ըստ մամուլում տեղ գտած լուրերի, Ալեն Սիմոնյանը շատ սերտ հարաբերությունների մեջ է «Վիվառո Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ: Եթե պիտի հարվածեք բոլորին՝ տեղ տալով մեկին, ապա իմացեք՝ մեզ գործազրկությունն է սպառնում՝ վնասելով նաև տնտեսությանը»:

«Պետք է կանոնակարգում մտցվի այս նախագծում: Մենք պահանջում ենք մեզ հետ հանդիպման գա անձամբ Արարատ Միրզոյանը»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլ»-ից պատգամավոր Սիփան Փաշինյանը, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել էր այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել էր հանձնաժողովը:

«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,- ասել էր Թունյանը:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»