Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 16 հունիսի, 2019 թ.

«Հայկական ֆուտբոլի մակարդակը տատանվում է»․ Յան Սուխոպարեկ

118
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 22:15
«Հայկական ֆուտբոլի մակարդակը տատանվում է»․ Յան Սուխոպարեկ

Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի մասնակից Չեխիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Յան Սուխոպարեկը հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը։

Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում Չեխիայի հավաքականը շրջանցել է Հունաստանին, Անգլիային, Դանիային, ինչը խոսում է թիմի ուժի մասին։ Յան Սուխոպարեկը Չեխիայի ազգային հավաքականի՝ 90-ականների առաջատարն էր, Եվրո-96-ի փոխչեմպիոն։

- Չեխիան ընդգրկվել էր միևնույն խմբում Անգլիայի հետ։ Ո՞րն էր հաջողության բանալին։

-Խմբի միակ թիմը դարձանք, որ 2 հաղթանակ էր տարել։ Դա էր բանալին։ Չէի ասի, թե լավագույնն էինք, բայց կարողացանք հաջողության հասնել։ Որոշիչ դարձավ այն հանգամանքը, որ հատկապես Անգլիայից կրած պարտությունից հետո վերգտանք վստահությունը, հաջորդ 2 խաղում միասնաբար խաղացինք և 6 գոլ խփեցինք։

-Չեխիայի ազգային հավաքականը վերջին շրջանում բարձրակարգ ելույթներ չի ունեցել։ Նախորդ սերնդի թիմը ինչո՞ւ աչքի չընկավ։ Ձեր գլխավորած ֆուտբոլիստները հետագայում կկարողանա՞ն Չեխիայի հավաքականին վերադարձնել 90-ականների մակարդակին։

-Տարիքային խմբերի հավաքականները հաջողություն ունեցել են։ 2011-ին Մ-19 հավաքականը հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, Մ-21 հավաքականը որակավորվեց Եվրոպայի առաջնության համար։ Լավ չի կատարվել անցումը մեծահասակների ֆուտբոլ։ Նաև այնպիսի խաղացողների պակաս ունենք, որոնք արտերկրի բարձրակարգ առաջնությունում կանոնավոր ֆուտբոլ կխաղան։ Պատճառներից մեկը կարող է լինել խաղացողների ծուլությունը: Կարող են փայլել Չեխիայում, բայց երբ տեղափոխվում են ավելի մեծ ակումբներ, հայտնվում են համեմատության մեջ: Նրանց համար դժվար է այդպիսի խոչընդոտ հաղթահարել: Պատանեկան թիմերի մարզիչներս պետք է ավելի լավ աշխատենք: Դա միայն մարզմանը չի վերաբերում: Սնունդը, վերականգնումը, մյուս գործոնները նույնպես կարևոր են: Կարող եք նրանց պատմել ինչ կամենում եք, բայց պետք է հասկանան, թե ինչն է իրենց օգուտ բերում: Երբեմն հենց սկզբում չեն սերտում այդ ամենը, բայց հարկավոր է մեկ-երկու հնարավորություն տալ ճնշում գործադրելուց առաջ: Այն ամենը, ինչ խաղացողն անում է, պետք է իմաստ ունենա իր համար:

-Ո՞ր թիմերն են չեմպիոնի կոչման հավակնորդները և ինչու՞:

-Կարծում եմ Պորտուգալիան, Իտալիան և, երևի, Իսպանիան: Ընդգծվում է այս թիմերի խաղացողների գործակցության բարձր մակարդակը, անհատականությունը: Նրանք խաղամակարդակով տարբերվում են: Դա ապացուցեցին որակավորման փուլում:

- Հայկական ֆուտբոլին առնչվելու առիթ նախկինում էլ եղել է։

- Այցելել եմ Հայաստան, երբ Չեխիայի Մ-21 հավաքականում մարզչի օգնական էի: Հայաստանը հարուստ պատմություն ունի, երկրի կյանքը հիմնված է ավանդույթների վրա: Ֆուտբոլի մակարդակը տատանվում է. թվում է՝ հաջողության կհասնեն Եվրոպայում, բայց հետո անկում է լինում: Լսել եմ, որ մարդիկ Երևանին Արևելքի Փարիզ են անվանում: Իսկապես, ոգևորված եմ այդ առիթով: Դրան չհավատալու ոչ մի պատճառ չունեմ: