Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Շվեդիայի դատախազությունը վերսկսել է Ասանժի գործով քննությունը

2695
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 18:05
Շվեդիայի դատախազությունը վերսկսել է Ասանժի գործով քննությունը

Շվեդիայի դատախազները որոշել են վերսկսել Ջուլիան Ասանժի՝ 2010թ. բռնաբարության գործով հետաքննությունը, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Դատախազ Եվա-Մարիա Փերսսոնի խոսքերով, Ասանժին մեղավոր ճանաչելու համար բավարար հիմքեր կան: Նախկինում, Ասանժին դատարան կանչելու անհնարինության պատճառով, գործը կառչվել էր:

«Ես ուզում եմ հստակեցնել, որ հետաքննությունը վերսկսելու իմ որոշումը նրա քրեական հետապնդման հետ կապված որևէ դիրքորոշում չի արտահայտում»,- նշել է Փերսսոնը:

Նրա խոսքերով, դատախազությունը Լոնդոնին դիմել է, որպեսզի Մեծ Բրիտանիան Ասանժին, պատիժը կրելուց հետո, իրենց վերահանձնի:

Շվեդիայում Ասանժի դեմ հետաքննության վերսկսումը հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Էկվադորի կառավարությունը հրաժարվեց WikiLeaks-ի հիմնադրին քաղաքական ապաստան տրամադրել:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին բրիտանական իշխանությունները ձերբակալել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա 2012 թվականից բնակություն էր հաստատել:

Էկվադորը հրաժարվել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել, քանի որ WikiLeaks-ի հիմնադիրը խախտել է միջազգային իրավուքի նորմերը՝ այլ պետությունների ներքին գործերին չխոչընդոտելու, հակերային գործունեություն իրականացնելու մասերով, ինչպես նաև կոպտել է դեսպանատան աշխատակիցներին:

Ասանժը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից քաղաքական ապաստան էր խնդրել, որպեսզի Մեծ Բրիտանիան չկարողանար նրան արտահանձնել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում էր բռնաբարության, սեռական ոտնձգությունների, ինչպես նաև հարկադրանքի կիրառման մեջ: Ասանժը նաև խուսափել է ԱՄՆ-ին արտահանձնվելուց, որտեղ նրան ևս ազատազրկում է սպասվում՝ Պետդեպարտամենտի փաստաթղթերը հրապարակելու համար:

2017թ. օգոստոսին Շվեդիայի դատախազությունը, ժամկետների լրացումով պայմանավորված, դադարեցրեց Ասանժի դեմ հարուցված գործերի մեծ մասի հետաքննությունը: