Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ալբանիայում ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ

2983
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 16:45
Ալբանիայում ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ

Ալբանիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները կառավարության շենքի ուղղությամբ գազային ռումբեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին գրում է Euronews-ը:

Հավաքվածները վարչապետ Էդի Ռամային մեղադրում են ընտրակեղծիքի և կոռուպցիայի մեջ: Նրանց պահանջների շարքում են նաև գործող խորհրդարանի լուծարումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Ընդդիմության ղեկավար Լուլզիմ Բաշան իր աջակիցներին կոչ է արել չդադարեցնել ակցիաները մինչև Ռամայի իշխանությունից հեռանալը: «Մենք այստեղ ենք Ալբանիան ոճրագործությունից ու կոռուպցիայից ազատելու առաքելությամբ, որպեսզի Ալբանիան դարձնենք Եվրոպայի մյուս երկրների նման»,- ասել է Բաշան՝ ցուցարարներին:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն օրինական են ճանաչել Ալբանիայում գործող կառավարության իշխանությունը, և ընդդիմությանը կոչ են արել վերադառնալ խորհրդարան ու մասնակցել հունիսի 30-ին կայանալիք տեղական ընտրություններին

Ռաման գտնում է, որ ընդդիմությունը, իր հրաժարականը պահանջելով, «կույր» քաղաքականություն է վարում: