Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սա խոսում է վիճակագրական ֆենոմենի, այլ ոչ թե իրական տնտեսական աճի մասին»․ Անդրանիկ Թևանյան

258
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 18:10
«Սա խոսում է վիճակագրական ֆենոմենի, այլ ոչ թե իրական տնտեսական աճի մասին»․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Թավշյա» վիճակագրության հանելուկը․ Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5%, առևտրի շրջանառությունն աճել է 10,1%-ով, ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17,3%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3%-ով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ պարզ լեզվով ասած՝ գնաճը կազմել է 1,5%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է ընդամենը 0,3%։ Ինչո՞ւ է այս ամենը զարմանալի ու տարօրինակ։ Բանն այն է, որ ԱՎԿ–ի ներկայացրած տվյալներով՝ մեր տնտեսության մեջ գրեթե գերակտիվ վիճակ է։ Ամեն ինչ աճում է, բայց արի ու տես, որ գները չեն աճում։ Ընդ որում՝ գնաճի տեմպը ցածր է Կենտրոնական բանկի կողմից թիրախավորված 4%-ի միջակայքից։ Եթե արձանագրվել է առևտրի ու ծառայությունների աշխուժացում, եթե արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6,5%-անոց աճ, ապա գները նույնպես պետք է համարժեք վարքագիծ դրսևորեին, բայց դա տեղի չի ունենում։ Սա, թերևս, խոսում է վիճակագրական ֆենոմենի, այլ ոչ թե իրական տնտեսական աճի ու աշխուժացման մասին։ Գների աճի ցածր մակարդակն, ի դեպ, ուրախության պատճառ չի կարող դառնալ ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմնի՝ նորմայից ցածր մակարդակի ջերմությունը չի կարող ուրախության առիթ տալ։ Ջերմությունը պետք է լինի նորմայի սահմաններում։ Ցածրն էլ, բարձրն էլ վատ են։ Մեզ մոտ հիմա ինֆլյացիայի առումով նորմայից ցածր վիճակ է, ինչը խոսում է այն մասին, որ տնտեսական ակտիվությունը և առևտուրն իրականում ոչ թե աճել են, ու կա աշխուժություն, այլ հիմա պարզապես գրանցումն է շատացել՝ յուրօրինակ լրացուցիչ հարկային բեռ դառնալով բիզնեսի վրա, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է»։