Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե գլուխը ճիշտ տեղում է, նշանակում է ֆուտբոլիստը պատրաստ է»․ Վարդան Մինասյան

437
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 12:40
«Եթե գլուխը ճիշտ տեղում է, նշանակում է ֆուտբոլիստը պատրաստ է»․ Վարդան Մինասյան

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում, անդրադարձել է առաջիկա մրցակցին՝ «Գանձասար Կապան»-ին, թիմի պատրաստվածությանը և Անտոն Կոբյալկոյի մարզավիճակի մասին:
Խոսելով «Գանձասար Կապան»-ի դեմ խաղից և մրցակցի ուժեղ կողմերից՝ նա նշել է․ «Ես վիճակագրությանն այդքան ուշադրություն չեմ դարձնում: Ձմեռային դադարի ժամանակ շատ բաներ են փոխվել թե՛ մեր թիմի, և թե՛ «Գանձասար Կապան»-ի կազմում: «Գանձասար Կապան»-ը բավականին ուժեղ մրցակից է: Մենք ուսումնասիրել ենք թիմի ուժեղ և թույլ կողմերը, և ըստ դրա պատրաստվում ենք խաղին։ Միշտ ասել եմ, հիմա էլ կկրկնվեմ՝ֆուտբոլում ամենակարևորը գլուխն է, ուղեղը: Մնացած բաները ֆուտբոլիստի գործիքներն են: Եթե գլուխը ճիշտ տեղում է, նշանակում է նա պատրաստ է: Եթե մենք մեզ համարում ենք պրոֆեսիոնալ թիմ, մենք իրավունք չունենք ոչ մի վայրկյան թուլանանք՝ սկսած պարապմունքներից, դաշտից դուրս, էլ չեմ ասում խաղերի մասին»:
Անդրադառնալով թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին՝ նա նշել է․ «Գործի հանդեպ իր վերաբերմունքի մեջ ես մեծ փոփոխություն եմ տեսնում: Նա սկսել է իսկական հարձակվողի նման խաղալ և իր աշխատասիրությամբ լավ մարզավիճակ է ձեռք բերել: Ճիշտ ժամանակին է բացվում, մարմնի դիրքը միշտ ճիշտ է և ճիշտ է ընդունում գնդակները: Խաղային առումով էլ մեծ փոփոխություններ եմ տեսնում: Մնացած առումներով չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված փոփոխությունները: Գուցե պարապմունքները օգնեցին, գուցե թիմի որակն է բարձրացել և դա իր ազդեցությունն է ունեցել, քանի որ իր հետ խաղացողներ կան հիմա»: