Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից». Արթուր Բաղդասարյան

477
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 15:25
«Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Վայոց Ձորի մարզն էր: Եղեգնաձոր քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով: Խոսելով մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին՝ Արթուր Բաղդասարյանը, ի թիվս մի շարք հարցերի, մատնանշեց գյուղատնտեսության խթանման կարևորությունը: «Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Պետությունն այս հարցում չպետք է լուռ դիտողի կարգավիճակում մնա: Այսօր արդի աշխարհն անցել է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգին, որի պայմաններում գյուղացին կարողանում է աղետների դեպքում ստանալ երաշխավորված ֆինանսական օգնություն: Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ, ուսումնասիրել միջազգային փորձը»:

Արթուր Բաղդասարյանը նշեց նաև, որ իրենք մշակել են գյուղաբնակ ժողովրդի և հատկապես կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու և նրանց վճարելու գործուն մեխանիզմներ: «Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ այս ոլորտում մեկ այլ հրատապ լուծում պահանջող խնդիր էլ համարվում է գյուղական համայնքներում ոռոգման ջրի բարձիթողի վիճակը: «Պետք է հետևողականորեն զարգացնենք այսպես կոչված գյուղատնտեսության ցանցապատման գործընթացը: Վերադառնալով ամենակարևոր խնդրին՝ ոռոգմանը, այստեղ մենք առաջարկում ենք 100% անցում կատարել կաթիլային համակարգին: Այոʹ, մեր ծրագրերն ամբիցիոզ են, սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահ եմ, որ Հայաստանը կդառնա զարգացած գյուղատնտեսության համբավ ունեցող երկրներից մեկը: Ընդհանրապես մեր թիմը նորարարությունների ներդրման կողմնակից է, մեր երկրին միայն ինտելեկտուլ գյուղատնտեսություն է անհրաժեշտ»»: