Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

282
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 22:00
«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ,

Վերջին շրջանում հարյուրավոր նամակներ ենք ստանում Հայաստանի առաջնությունում մրցավարության հետ կապված։ Անգամ հավաքականների դադարը չօգնեց, որպեսզի այդ հարցի շուրջ կրքերը հանդարտվեն։

Վերջին հանդիպումներում մենք ձեզ հետ ականատես եղանք մրցավարական մի շարք սխալների։ Շատ նամակներում և մեկնաբանություններում դուք նշում եք, որ դրանք միտումնավոր են, ուղղված են «Լոռի»-ի դեմ։ Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ նախագահի խորհրդական՝ երաշխավորում եմ, որ երբևէ որևիցե միտում չի եղել և չի կարող լինել որևէ թիմի դեմ՝ առավել ևս «Լոռի»-ի։

Հայկական ֆուտբոլում արդարության երաշխավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն է՝ նախագահի գլխավորությամբ։

Արդեն երկու մրցաշրջան Հայաստանի առաջնություններում անցկացնելով և 45 հանդիպման մասնակցելով՝ «Լոռի» ՖԱ-ն առաջին անգամ բողոքարկում ներկայացրեց մրցավարի որոշումների վերաբերյալ «Փյունիկ»-ի դեմ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խաղից հետո։ Որը բավարարվեց ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեի կողմից և մրցավարը որակազրկվեց։

ՀՖՖ մրցավարական կորպուսը նաև դիտարկել է «Արարատ»-ի դեմ խաղում մրցավարի՝ մեր խփած գոլը չհաշվելու դրվագը և որակազրկել է նաև այդ հանդիպման մրցավարին՝ սխալ որոշման համար։

Սիրելի՛ երկրպագուներ, կոչ եմ անում լինել ավելի զուսպ, համբերատար և ավելի համախմբված. մենք դեռ բազում առիթներ կունենանք միասին տոնելու մեր թիմի մեծ հաղթանակները։

«Լոռի» ՖԱ հիմնադիր,
Թովմաս Գրիգորյան»,- նշված է հայտարարության մեջ։