Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ոչ միայն չենք կարողանում օգտվել պետական սուբսիդիայից, այլև շարունակում ենք աշխատել սովետից մնացած տեխնիկայով». Արթիկի բնակիչներ

443
Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 15:40
«Ոչ միայն չենք կարողանում օգտվել պետական սուբսիդիայից, այլև շարունակում ենք աշխատել սովետից մնացած տեխնիկայով». Արթիկի բնակիչներ

MAMUL.am-ի խմբագրություն զանգահարած Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղացիները բողոքում էին, որ փոքր հողատարածք ունեցող տնտեսութուններին պետությունը սուբսիդիա չի տրամադրում և սուտ են այն բոլոր հայտարարությունները, թե գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար մշակված այս ծրագիրը ծառայում է իր նպատակին. շատ տնտեսություններ ոչ միայն չեն կարողանում օգտվել այդ աջակցությունից, այլև շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները կատարել խորհրդային ժամանակներից մնացած մեթոդներով և տեխնիկայով:

«Իմ հողատարածքը հազիվ 3-4 հեկտար լինի, իսկ բանկերը գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորում են 20-30 հա հողատարածք ունենալու դեպքում: Ավելին ասեմ՝ ամբողջ համայնքի 80 տոկոսը չունի այդքան տնտեսություն: Եկեք ինքներդ տեսեք՝ համոզվեք, որ այսօր գյուղացու ամենամեծ հողատարածքը 5 հեկտարն է»,- մեզ հետ զրույցում ասում էր Արթիկ համայնքի գյուղացիներից մեկը: Նրա խոսքով՝ սուբսիդիան վերաբերում է միայն սերմնացուին, դրա մեջ չի մտնում դիզվառելքը, գյուղտեխնիկան. «Մենք շարունակում ենք սովետական ժամանակների տեխնիկայով մշակել հողը՝ ինչը մեծ տանջանք է մեզ համար: Ֆինանսի բացակայության պատճառով չենք կարողանում նոր տեխնիկա ձեռք բերել, իսկ բանկը, վարկավորելու համար, պահանջում է 20-30 հա հողատարածք, ինչը չունենք»,- պատմում էր գյուղացին՝ խնդրելով համապատասխան կառույցների մոտ բարձրացնել այս հարցը, ակնկալելով խնդրի լուծում: Հարցին՝ արդյոք նոր կառավարությանը դիմե՞լ են այս խնդրով, ասացին՝ ոչ:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում պետական աջակցության ծրագիրը իրականացվում է 2012-ից. նպատակը՝ դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերմանն է ուղղված:

Նշենք, որ «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանն այս խնդրին հաճախ է անդրադառնում՝ մշտապես մեղադրելով նախկին կառավարությանը։ «Փոխանակ գյուղացին հեկտարի հաշվարկով իր գումարը ստանա և ինքը որոշի, թե այդ գումարով ինչ սերմնացու է ձեռք բերում, ինչ դիզվառելիք, ինչ մշակի, կառավարությունն էր որոշում, թե ինչն է սուբսիդավորում, ինչը՝ ոչ»:

Հարկ է նշել, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը դեռևս օգոստոսին հայտարարել էր՝ «Մինչ այժմ, գյուղացիներին սուբսիդավորման գնով տալիս էին պարարտանյութ, սերմնացու, ինչպես նաև դիզելային վառելիք: Հիմա մենք այլ մոտեցման ենք ուզում գնալ: Գումարը տրամադրվելու է վերջնական սպառողին, և նա է որոշելու՝ ումից ինչ պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել»:

Հավելենք, որ նույն խնդրով մեր խմբագրությունը տարիներ շարունակ բողոքներ է ստանում տարբեր համայքների բնակիչների կողմից:

Խնդրի առնչությամբ MAMUL.am-ը կփորձի պարզաբանում ստանալ նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: